2020 թ-ի մայիսի 21-ին ուժի մեջ է մտել «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքները և պարտականությունները՝ նախադպրոցական կրթական հաստատություններում։
1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը և ծառայությունները.
2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.
3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին.
4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` իրենց երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.
5) մասնակցելու երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.
6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի` մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.
7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանի մշակմանը.
8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:
2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են`
1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.
2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության և մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ.
3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.
4) հարգել երեխայի արժանապատվությունը.
5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ։
Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից: