«Աշխատող ծնողներիս համար մեծ օգնություն կլինի, եթե գոնե փոքրաթիվ խմբերով երեխաները սկսեն հաճախել մանկապարտեզ»․ մանկական խնամքի կենտրոնները պատրաստ են աշխատել

Երկու ամսից ավելի է արդեն, ինչ ընդհատվել է մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը՝ երկրում համաճարակը կանխելու ու արտակարգ դրության պայմաններից ելնելով։ 

Պարետի որոշմամբ մայիսի 4-ից սահմանափակումների զգալի մասը հանվել է․ այն ծնողները, որոնք կարող են գնալ աշխատանքի՝ չեն կարող տանը մնալ և խնամել երեխաներին։

Իրավաբան․net-ի հետ զրույցում «Հրաշամանուկ» խնամքի կենտրոնի տնօրեն Լիլիթ Նիկողոսյանը նշեց, որ այս օրերին ծնողները շատ հաճախ են դիմում վերաբացման համար և իրենց խնամքի կենտրոնը ունի անհրաժեշտ կանոնները պահպանելով աշխատելու իր տարբերակը։

«Ես կարծում եմ, որ երեխային բերել, կամ չբերելը պետք է լինի ծնողի հայեցողությամբ, քանի որ մենք պետական չենք և պետությունից ոչ մի աջակցություն չենք ստանում։ Ծնողը վստահում է և այդ պատճառով  ցանկանում է երեխային բերել։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ մասնավոր մանկապարտեզները երեխաների այն քանակի չունեն, որ վտանգավոր լինի։ Յուրաքանչյուր մանկապարտեզ, խնամքի կենտրոն ունի իր տարբերակը։ Մենք ունենք բակ, որտեղ հնարավոր կլինի սոոցիալական հեռավորությունն ու անհրաժեշտ կանոնները պահպանել»,- նշեց Լիլիթ Նիկողոսյանը՝ հավելելով, որ նրանք պատրաստ են վերսկսելու աշխտանքները և  սպասում են համապատասխան հրամանի։

«Ալլե» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Նունե Գանջալյանը ևս փաստում է, որ այս ընթացքում աշխատող ծնողները բազմիցս դիմել են իրենց։ 

«Իրականում աշխատող ծնողների համար սա շատ լուրջ խնդիր է։ Կան ընտանքիներ, որտեղ երեխաները զույգ են, կամ մեծահասակները իվիճակի չեն խնամելու նրանց։ Ներկա պահին կենտրոնի երեխաների թիվը այնքան էլ մեծ չէ, այդ իսկ պատճառով ծնողները շատ ավելի հանգիստ են»,-նշում է նա։

Այնուամենայնիվ, Նունե Գանջալյանը նշում է, որ այս սահմանափակումները տեղին են, քանի որ շատ դժվար է երեխաների շրջանում պահպանել սոցիալական հեռավորությունը և կանխել վարակի տարածումը։

«Երեխաները գալիս են տարբեր ընտանիքներից և ամեն բան հնարավոր է։ Իհարկե, պահպանել մաքրությունը, ախտահանել խաղալիքները՝ կարող ենք, բայց սոցիալական հեռավորությունը երեխաների միջև անհնար է պահպանել, և տալ երաշխիք, որ վարակը չի տարածվի՝ չենք կարող, կարծում եմ, որ մեր կառավարույթունը դա շատ լավ պատկերացնում է»,-ասաց կենտրոնի ղեկավարը։

Իրավաբան․netը զրուցել է նաև աշխատող ծնողների հետ, ովքեր այս ընթացքում այդ  խնդրի առաջ են կանգնել։ 

Բանկային համակարգի աշխատկից Անի Պողոսյանը նշեց, որ իր 4 տարեկան տղային ամեն օր ստիպված է լինում տանել տատիկի մոտ, իսկ երեկոյան գնալ նրա հետևից, ինչը, նրա խոսքով, և՛ ծախսատար է, և՛ հոգնեցուցիչ։ 

«Չեմ կարող երեխային տանը թողնել, բնականաբար նաև աշխատավայր տանել, միակ տարբերակը ամեն օր նրան տատիկի տուն տանելն է։Սեփական մեքենա չունենք, իսկ հանրային տրանսպորտը չի աշխատում, մնում են միայն տաքսիները, որոնց վրա բավականին գումար ենք ծախսում»,-նշում է մանկահասակ երեխայի մայրը։

Մեր մյուս զրուցակիցը՝ Արմենուհի Հայրապետյանը,  ով աշխատում է կաթնամթերքի արտադրամասում նշեց, որ մանկապարտեզների փակվելուց հետո ստիպված է եղել իր երկու երեխաներին տանել Արարտում բնակվող ծնողների մոտ։ 

«Ես և ամուսինս աշխատում ենք նույն արտադրամասում։ Ստիպված եղանք երեխաներին տանել Արարատ, որտեղ մեր ծնողներն են բնակվում։ Արդեն մեկ ամիս է ինչ չեմ տեսել երեխաներիս։ Մեծ տղաս դպրոցական է, իսկ մյուսը դեռ 4 տարեկան էլ չկա։ Եթե մանկապարտեզները սկսեն գործել, գոնե նրան կկարողանամ խնամել, քանի որ այն ժամանակահատվածում, երբ ես աշխատում եմ նա կլինի այնտեղ»,-նշում է նա։

Շուշաննա Բադալյանի 5 ամյա աղջկան էլ այս ընթացքում խնամում են դպրոցահասակ քույրերը։ «Աշխատում եմ սպասարկման ոլորտում, և այս արտակարգ դրության ընթացքում շարունակում ենք աշխատել, եթե չլինեին մեծ աղջիկներս չգիտեմ, թե ինչ պետք է անեի։ Ինձ նման հարյուրավոր աշխատող ծնողներ կան, որոնց երեխաները մանկապարտեզ են հաճախում և այս իրավիճակում մեզ համար մեծ օգնություն կլինի, եթե գոնե փոքրաթիվ խմբերով երեխաները սկսեն հաճախել  մանկապարտեզ»,-ասաց Շուշաննա Բադալյանը։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզների բացման հարցը դեռ քննարկվում է, և եթե որոշում լինի, ապա այն կվերաբերի բոլորին։ 

Իսկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ հնարավոր է շուտով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում բացվեն փոքր խմբեր, առանձին անհրաժեշտություն ունեցող ծնողների երեխաների համար։

Դիանա Հարությունյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել