«Բնակչութան բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է մարդու իրավունքները բժշկական օգնության և սպասարկում ստանալիս, որի համաձայն բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:
Նույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը, որի «Ե» կետում նշվում է. «ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից»:
Բացի այս 19.3 հոդվածով կարգավորվում են բուժաշխատողների պարտականությունները, որի 7-րդ կետի համաձայն բուժաշխատողները պարտավոր են պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվում է.
1. Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ 200 հազարից 500 հազար դրամի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: