ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, որի համաձայն․
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրավունք ունեն`
1) պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի և սանիտարական կանոնների մասին.
2) մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են`
1) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ.
2) մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ շրջակա միջավայրի աղտոտման վերացման և կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության և հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ.
3) տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը, ինչպես նաև տեղական իշխանություններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման.
4) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները և կարգադրությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները.
5) կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում և դաստիարակություն: