Անահիտ Ղազարյանն այն կանանցից է, ով փնտրում է ծննդաբերությունից հետո կորցրած երեխայի: Այս դեպքում երեխան իր փոքր եղբայրն է: Մայրը 40 տարի առաջ՝ 1980 թվականին է ծնդաբերել Հանրապետական հիվանդանոցում: Նրան ասել են, որ երեխան մահացել է, բայց միշտ կասկածներ է ունեցել, որ նա ողջ է, քանի որ ծննդաբերել էր հեշտ ու առանց խնդիրների, իսկ հետո տեսել է երեխային՝ առողջ մաշկի գույնով:
«Ես գիտեմ, որ եղբայրս ողջ է, անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի գրկախառնվեմ: Առավոտից աչքերս թաց են»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է Անահիտ Ղազարյանը: Նա նշեց նաև, որ խորհրդակցել է գինեկոլոգի հետ, նկարագրել ողջ եղելությունը, որից հետո մասնագետը նշել է, որ կասկածները տեղին են և պետք է պատմության հետևից մինչև վերջ գնալ:
«Կա մեկը, ում ես տեսնում եմ՝ առանցքային վկաներից մեկը այս գործընթացի, այս չարաբաստիկ պատմության մեջ և նա շատ լուրջ գործող անձ է, որպես վկա, որպես մասնակից: Ու ես մինչև վերջ գնալու եմ հետքերով, Հայկուհու հետ համախմբված ուժերով»,-նշում է եղբորը կորցրած քույրը:
Նրա խոսքով, ՔԿԱԳ-ում իր մորը գրանցել են որպես միայնակ մայր, այնինչ մայրն օրինական կարգով ամուսնացած է եղել, իսկ մահացած եղբորն անվանակոչել են, ինչը ևս նրանց համար տարօրինակ է:
Անահիտ Ղազարյանը նշում է, որ այս պատմության հետ կապ ունի «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
«Գուցե բարձրագոչ հայտարարություն անեմ, բայց ես վստահ եմ, որ՝ այո, ձուկը գլխից է հոտում, բնականաբար իր միջնորդությամբ և մի շարք տականքների մասնկացությամբ»,-նշում է նա:
Նշենք, որ Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով:
Հիշեցնենք, որ Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք): 2019թ. դեկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշումը՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Հավելենք նաև, որ Հայկուհի Խաչատրյանը, ում մասին նա նշում է, ստեղծել է «Հայոց մայրեր» հասարակական շարժում, որի միջոցով փորձում է գտնել այն մայրերին, որոնք երեխա են կորցրել և այն երեխաներին, որոնք փնտրում են իրենց ծնողներին։