Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 27-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում զրույց է սկսել քաղաքացիների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և մանրուքների կարևորության մասին։
«Սատանան մանրուքների մեջ է»,-ժողովրդական ասույթով սկսեց իր խոսքը վարչապետը՝ անդրադառնալով վերջին օրերին քնարկվող թեմային:
«Անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել է կեղծիքով և ինչն է, որ այստեղ ամենակարևորն է. եղել է 2 տրամաբանություն՝ այդ փաստն օգտագործել և ՍԴ նախագահի և դրա միջոցով նաև ՍԴ-ն առնել «կանտրոլի» տա՞կ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով»,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի կողմից նվեր ստացած գրիչը, որը՝ նրա խոսքով, «շատ պուճուր դետալ է թվում», իրականում այդ ամեն ինչի սիմվոլն է: «Իրականում գրիչն այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անեինք այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսի ՍԴ նախագահ, ինչպես ՍԴ նախագահը՝ իր ստեղծման առաջին օրից: Դրա համար է այս դետալը կարևոր, պրինցիպիալ կարևոր է: Ես ուզում եմ ասել, որ ես անձամբ գնացել եմ ուրիշ ճանապարհով, որովհետև ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան: Եվ երբ, որ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դառել է ընդդիմություն: ՍԴ նախագահը, պատկերացնու՞մ եք: Նա դարձել է քաղաքական ընդդիմություն և այո՛, իմ գնահատականն է, որ քաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ այժմ նախկին իշխանության անդամները շրջում են տարբեր երկրներում, դիմում տարբեր միջազգային կառույցների, ինչը պետք է հետաքննության ենթարկել, քանի որ միգուցե դա կապված կարող է լինել ազգային անվտնագության ահերի հետ:
Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ, Իրավաբան.net-ը 2 հետաքննություն էր կատարել այս թեմայով և փաստարկված երկու եզրակացություն ներկայացրել, որ.
Հրայր Թովմասյանը Սահմանադրության խախտմամբ է նշանակվել ՍԴ դատավորի պաշտոնում,
և որ
Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Թովմասյանը հայտարարություն էր տարածել։
ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։ Փաստի հրապարակման համար Հրայր Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ էր տվել՝ նշելով, որ հակառակ դեպքում հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։
Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։