Մարմնավաճառության գործով փաստաբանի վարքագիծը դատարանը գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք

Այսօր` հունվարի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր մարմնավաճառությամբ զբաղվելուն հարկադրելու մեջ մեղադրվող Սուսաննա Մարտիրոսյանի և Նարինե Մովսիսյանի քրեական գործի քննությունը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ քաղաքացի Հ. Մ.-ին ստիպել են Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ չորս ամիս դրել և պահել է պոռնկության շահագործման մեջ և ստացել մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7.500 ԱՄՆ դոլլար: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Սույն քրեական գործի դատաքննությունը, ըստ նախագահող դատավոր, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի, արդեն սպառել է իր ողջամիտ ժամկետը և անցել «բոլոր սահմանները»: Ըստ դատավորի հայտարարության` իր 32 աշխատանքային տարիների ընթացքում դեռևս չի հանդիպել նման դատավարության, որը ամբաստանյալ Սուսաննա Մարտիրոսյանի («Դոկտոր» մականվամբ) փաստաբանի` անընդհատ տարբեր անհիմն պատճառաբանություններով դատական նիստին չներկայանալու պատճառով վերածվել է խաղի:

 

Այսօր էլ «Դոկտորի» փաստաբանը չներկայացավ դատական նիստին, իբր հիվանդության պատճառով, սակայն, ըստ դատարանի հայտարարության, վերջինս չի ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթուղթ` ի հավաստումն առողջության վատթարացման:

 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց «Դոկտորի» վատանալու պատճառով, երբ վերջինս դոկտորի կարիք ուներ, իսկ այսօր Դոկտորի փաստաբանը դոկտորի կարիք ունենալու պատճառաբանությամբ չէր ներկայացել նիստին:

 

Դատարանը փաստաբանի վարքագիծը գնահատեց որպես անհարգալից վերաբեմունք դատարանի նկատմամբ և հայտարացեց, որ եթե հաջորդ դատական նիստին էլ վերջինս անհիմն պատճառաբանությամբ չներկայանա դատական նիստին, ապա վերջինիս վարքագծի համար կտեղեկացնի ՀՀ Փաստաբանների պալատին:

 

Հաջորդ դատական նիստ նշանակվեց սույն թվականի փետրվարի 5-ին ժամը 14:00-ին:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել