Ես վստահ չեմ, որ «նոր» խարտիայի կարիքը կա․ ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Քիֆեր

Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան ուժի մեջ է մտել շուրջ 30 տարի առաջ։ Այն վավերացվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 47  անդամ երկրների կողմից։ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Քիֆերի կարծիքով «նոր» խարտիայի կարիք չկա։ Այս և այլ մանրամասներ՝ խարտիայի մասին, Անդրեաս Քիֆերն ասել է Իրավաբան.netի էքսկլյուզիվ հարցազրույցում։

-Պարոն Քիֆեր, Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան ուժի մեջ է մտել 1988 թ սեպտեմբերի 1-ին, այսինքն՝ 30 տարի առաջ։ Խարտիան ուղղված է տեղական ժողովրդավարության զարգացմանը։ Եթե հետ նայենք, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ խարտիան ծառայում է իր նպատակին։  

-Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Եվրոպայի խորհրդի գլխավոր իրավական գործիքն է՝ ուղղված տեղական ժողովրդավարությունը հզորացմանը Եվրոպայի տարածքում։ Այն պահպանում է տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությանն ուղղված հիմնարար այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝ պատշաճ կերպով սահմանված լիազորությունների և պարտականությունների անհրաժեշտությունը և համաչափ ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև ընտրված տեղական ներկայացուցիչների գրասենյակային պայմանները, նրանց կարողությունը՝ ազատորեն իրականացնելու իրենց գործառույթները, և նրանց՝ ասոցիացիաներ ձևավորելու իրավունքը։ 

Խարտիան տրամադրում է տեղական և տարածաշրջանային իշխանություններին իրավական շրջանակ, որում նրանք կարող են լավագույնս կատարել իրենց պարտականությունները՝ ծառայելով քաղաքացիներին։  

Խարտիան նախատեսվել էր դեռևս 1950-ականներին, սակայն վերջնականացվել և բացվել է ստորագրման համար միայն 1985 թ.-ին։ Այդ ժամանակ այն գործում էր միայն Արևմտյան Եվրոպայի «հին ժողովրդավարությունների» համար։ 1990-ից սկսած՝ նախկին արևելյան երկրների միացումը Եվրոպայի խորհրդին ամբողջովին փոխեց դրա շրջանակները, արդիականությունն ու կարևորությունը։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր նոր ժողովրդավարությունները վավերացրել են այն և հետո շատ արագորեն կիրառել, ինչը հնարավոր է դարձրել այս երկրներում նախկինում գոյություն չունեցած տեղական ժողովրդավարության զարգացումը։ 

Հետևաբար, աշխարհամասում հենց այդ փոփոխությունների տարիների ընթացքում է, որ խարտիայում ամրագրված սկզբունքները դարձել են եվրոպական ստանդարտ։ Պետական և տեղական իշխանությունների միջև հարաբերությունները, որոնք հենց սուբսիդիարության սկզբունքի և խարտիայում ամրագրված սկզբունքների հիմքն էր, աստիճանաբար զարգացել են բոլոր երկրներում։ Տեղական իշխանությունների իրավունքները բարելավվել են օրենքում և գործնականում։ 

Իհարկե, դեռ շատ բան պետք է արվի, բայց դեռևս գոյություն ունի շոշափելի իրականությունը, այսինքն՝ մեր անդամ երկրներում այս իրավունքների ճանաչումը, և մենք դրանով պարտական ենք խարտիային, և, իհարկե, կոնգրեսի աշխատանքը՝ այս տեքստն առաջխաղացնելու և դրա կիրառումը 47 անդամ երկրներում ապահովելու ուղղությամբ։  

Տեղական և տարածքային իշխանությունները ներկայումս դարձել են կարևոր խաղացողներ ազգային և եվրոպական քաղաքականությունների մշակման և իրականացման գործում։ Նրանք նաև անխուսափելի են, երբ հարցը հասնում է մեր հանրություններում կապակցվածության, անվտանգության, սոցիալական կայունության և հավասարության պահպանմանը։ Այսպիսով, այս տեսանկյունից ես իրոք համարում եմ, որ խարտիան շատ լավ է ծառայում իր նպատակին։ 

-30 տարի է անցել խարտիայի ուժի մեջ մտնելուց հետո, և Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ երկրները վավերացրել են այն։ Ի՞նչ աստիճանի է խարտիան համապատասխանում ընթացիկ զարգացումներին։ Ձեր կարծիքով՝ կարիք կա այն փոխելո՞ւ, թե նոր խարտիա ընդունելու։ 

-Իրոք, խարտիան վավերացվել է բոլոր 47  անդամ երկրների կողմից, ինչը դարձնում է այն առանցքային կոնվենցիա, և 2018 թ. սեպտեմբերի 1-ին կոնգրեսը, Խորհրդարանական վեհաժողովը և ողջ Եվրոպայով մեկ շատ քաղաքապետարաններ ու քաղաքներ նշեցին դրա ուժի մեջ մտնելու 30-ամյակը:  

Խարտիան դարձել է ելակետային տեքստ և նպատակ անդամ երկրների համար: Ես վստահ չեմ, որ «նոր» խարտիայի կարիքը կա: Եղած տեքստի դրույթները դեռևս գործում են: Այն բավականին ժամանակակից տեքստ է: Այնուամենայնիվ, ինչպես շեշտեցիք, 30 տարի է անցել դրա ուժի մեջ մտնելուց հետո, և պարզ է, որ մեզ պետք է բարձրացնել իրազեկության մակարդակն այս տեքստի շարունակական և ժամանակակից մեկնաբանման ու կիրառման լույսի ներքո: 

Կոնգրեսն իր առջև դրել է ոչ միայն խարտիայի իրականացումն ապահովելու նպատակը, այլև այն դարձնելու իրապես դինամիկ, կենդանի փաստաթուղթ, որը տարածաշրջանային քաղաքականություններ կծնի Եվրոպայով մեկ:  

Ինչպե՞ս ենք մենք ձեռք բերել ճանաչում և հարգանք այս տեքստի համար: Լինելով ներկա տեղում՝ մենք կանոնավոր կերպով անդամ երկրներում կազմակերպում ենք այցեր, որոնք ուղղված են խարտիայի իրականացման մշտադիտարկմանը կամ տեղական և տարածքային ընտրությունների դիտարկմանը, և մենք օգտագործում ենք այս առաքելություններից ստացված մեր եզրահանգումները՝ մշակելու համար համագործակցության ծրագրեր, որոնք մենք իրականացնում ենք անդամ երկրներում:  

Վերջին տարիներին ժողովրդավարությունն ու հիմնարար իրավունքներն սկսել են կասկածի տակ դրվել որոշ երկրներում: Մենք ականատես ենք եղել մեր հաստատությունների հանդեպ վստահության պակասին և ընթացիկ բողոքի ակցիաների մի շարք անդամ երկրներում, օր.՝ Ֆրանսիայում, ինչը ցույց է տալիս այս անվստահությունը: 

Հստակ լիազորություններ և համապատասխան ռեսուրսներ ունեցող ուժեղ տեղական և տարածքային իշխանությունները կարող են զգալի ներդրում կատարել՝ օգնելու թեթևացնել լարումները և նպաստել կայունությանն ու ավելի մեծ ժողովրդավարությանը: Հենց սրա մասին է խարտիան, և սա դարձնում է այն առավել կարևոր և էական, քան երբևէ:  

Մեր մշտադիտարկման այցերը և համագործակցության ծրագրերը նպաստում են խարտիայի դրույթների ժամանակակից ընթերցման և մեկնաբանման ապահովմանը: Ես հաստատապես հավատում եմ, չափազանց անհրաժեշտ է գնատահել դրա իրականացումը տեղում՝ 47 անդամ երկրներում, եթե մենք ուզում ենք ներկայացնել իրատեսական առաջարկություններ, որոնք համապատասխանում են այցելվող երկրի քաղաքական և տնտեսական իրականությանը: Խարտիան ստատիկ տեքստ չէ, և կոնգրեսի իրավասության մեջ է այս տեքստին կյանք հաղորդելը և այն զարգացնելը տարիների ընթացքում, որպեսզի այն ժամկետից դուրս չգա:

-Մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հիմնադրման պատմությունը, դրա դերը, կառուցվածքը և առաջնահերթությունները: 

-Կոնգրեսը Եվրոպայի խորհրդի երկրորդ քաղաքական վեհաժողովն է, առաջինը խորհրդարանական վեհաժողովն է: Սա տեղական քաղաքական գործիչների համաժողով է, քաղաքապետերի և խորհրդի անդամների ժողով՝ ուղղված իրենց քաղաքացիների համար կարևոր խնդիրների քննարկմանը: 

Այսպիսով, կոնգրեսը ներկայացնում է 150 000 տեղական և տարածքային իշխանություններ ամբողջ աշխարհամասով մեկ (բացառությամբ Բելառուսի):

Սրան վստահված է տեղական և տարածքային ժողովրդավարության մշտադիտարկումը, տեղական և տարածքային ընտրությունների դիտարկումը, ինչպես նաև համագործակցային գործողությունների միջոցով Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրերի տեղական և տարածքային հարթությունների իրականացումը մի շարք անդամ երկրներում:

1993-ն այն տարին էր, երբ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, ինչպիսին մենք այն գիտենք այսօր, ստեղծվեց Վիեննայում Եվրոպայի խորհրդի՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կողմից, և մեկ տարի անց՝ 1994 թ. մայիսին, այն մեկնարկեց իր գործողությունները: 2005 թ.-ին Վարշավայի գագաթնաժողովն ամրապնդեց կոնգրեսի դերը:  

Թո՛ւյլ տվեք մեջբերել մի հետաքրքիր նախադասություն, որը լսել եմ շաբաթներ առաջ մի հանդիպման ընթացքում. «Մարդիկ կարող են փոփոխություն բերել, բայց հաստատություններն են ձեռքբերումների պահպանողները»: Նույնը ճշմարիտ է տեղական ժողովրդավարության առումով: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժակ Շաբան-Դելման է տվել տեղական ինքնակառավարման համաժողովի ստեղծման գաղափարը, որն ավելի ուշ վերածվեց Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի: 

25 տարի է անցել այն օրվանից, ինչ կոնգրեսը խթանում է ուժեղ և կենսունակ տեղական և տարածքային ժողովրդավարությունը, որը մոտ է քաղաքացիներին: Մենք կտոնենք այս տարելիցը մյուս տարի Եվրոպական տարածաշրջանների կոմիտեի հետ միասին, որը ստեղծվել էր Մաաստրիխտի համաձայնագրով 1992 թ.-ին և նույնպես սկսեց գործել 25 տարի առաջ՝ 1994 թ.-ին:  

-Կոնգրեսը հաճախ նաև անդրադառնում է բարեվարքության և կոռուպցիոն խնդիրներին: Ո՞րն է սրա պատճառը: Արդյո՞ք սա նշանակում է, որ կոռուպցիայի և անազնիվ վարքագծի մակարդակն այդքան բարձր է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ: Ի՞նչ այլ ոլորտային խնդիրներ կարող եք նշել: 

Չափազանց հաճախ են եղել դեպքերը, երբ ընտրված ներկայացուցիչները կորցրել են իրենց քաղաքացիների վստահությունը, մասամբ քանի որ էթիկական վարքագիծն ինչ-որ առումով գորշ տարածք է եղել: Կոռուպցիան, մասնավորապես, շարունակում է խոշոր սպառնալիք լինել Եվրոպայում տեղական և տարածքային կառավարման ու ժողովրդավարության համար:  

Այսօր մենք կարող ենք նկատել եվրոպական հասարակություններում թափանցիկության կոչերի նոր ալիք և էթիկական վարքագծի աճած հանրային սպասելիքներ: Անխուսափելի է դարձել այն, որ կառավարությունները և խորհրդարանները բոլոր մակարդակներում շտապ և արդյունավետ կերպով անդրադառնում են սրան: Մենք պետք է պատասխաններ գտնենք այս պահանջների համար և վերգտնենք վստահությունը, եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր ժողովրդավարական հասարակությունները:  

2016 թ. հոկտեմբերին կոնգրեսն ընդունեց ճանապարհային քարտեզ «Կոռուպցիայի կանխարգելումը և հանրային էթիկայի խթանումը տեղական և տարածքային մակարդակներում»՝ ապահովելու համար մի շարք պատասխաններ և գործիքներ՝ օգնելու համար տեղական և տարածքային իշխանություններին գործ ունենալ իրենց առջև ծառացած մարտահրավերների հետ բարեվարքության և հանրային էթիկայի առումով:  

Մենք կենտրոնացած ենք կանխարգելման վրա և կշարունակենք այս ուղղությամբ մեր գործունեությունը՝ տեղական և տարածքային մակարդակներում բարձր էթիկական չափանիշների և ավելի լավ պաշտպանական մեխանիզմների, ինչպես նաև թափանցիկության խթանումը: 

Նորընտիր կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն հայտարարել է, որ սա կլինի իր մանդատի ամենամեծ առաջնահերթություններից մեկը:  

-Կոնգրեսը նաև ընդգծում է կանանց և երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում: Սա լուրջ խնդիր է շատ նահանգների համար: Ի՞նչ խորհուրդ կտայիք սրան հասնելու համար: Եվ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կարող են հարաբերությունները հասարակության և իշխանությունների միջև ամրացվել և ավելի կառուցողական դառնալ:  

-Մոտ երեսուն տարի առաջ դեռևս հազվագյուտ էր տեսնել կնոջ բարձրաստիճան քաղաքական պաշտոնում: Բայց ժամանակները փոխվում են, և մենք տեսել ենք տպավորիչ աճ այն կանանց թվում, ովքեր ավելի ակտիվ դեր են խաղում հասարակության բոլոր ոլորտներում, ինչպեսև աճ մեր հաստատություններում համընդհանուր օրակարգի վրա կանանց ունեցած ազդեցության մեջ: 

Եվրոպայի խորհրդի և դրա կոնգրեսի համար կանանց ու տղամարդկանց արդար և հավասար մասնակցությունը հանրային կյանքում հիմնարար նշանակություն ունի ժողովրդավարության համար: Երկար ժամանակ է, ինչ մենք հանձնառություն ենք վերցրել՝ խթանելու կանանց ավելի լավ ներկայացուցչությունը, հատկապես՝  քաղաքականության մեջ: Մասնավորապես, 2008-ից սկսած՝ կոնգրեսն ուժի մեջ է մտցրել ազգային պատվիրակություններում կանանց՝ առնվազն 30 տոկոս մասնակցության պահանջը: Որպես արդյունք՝ միայն վերջին 5 տարիների ընթացքում կանանց ներկայացվածությունն ազգային պատվիրակություններում աճել է 31%-ից 42%, և կանայք այսօր կազմում են կոնգրեսի գործադիր ղեկավարության 50%-ը: 2016 թ. հոկտեմբերին կոնգրեսը նաև առաջին անգամ նախագահի պաշտոնում կին ընտրեց երկու տարի ժամկետով: 

Մենք սա համարում ենք դրական ձեռքբերում, բայց, իհարկե, սա դեռ բավարար չէ:  Մենք պետք է շարունակենք բարձրացնել կանանց դիմագիծը և ձգտել գենդերային հավասարության քաղաքականության մեջ, համայնքներում և միջազգային կազմակերպություններում: Մենք հավատում ենք, որ ամենաստորին մակարդակում կանանց ներգրավվածությունն սկզբնակետն է: Ինչքան շատ լինեն տեղական քաղաքական գործիչները, այնքան ավելի հեշտ կլինի գենդերային հավասարակշռությունն ու ներկայացվածությունն ազգային մակարդակում:   

Նպատակը նույնն է քաղաքացիների և, մասնավորապես, երիտասարդության մասնակցության առումով: Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին՝ ավելի շատ ներգրավվելու և ավելի մեծ մաս կազմելու մեր հասարակությունների զարգացման հարցում և, մասնավորապես, նրանց որոշումների կայացման գործընթացներում: 

Այս առումով, մենք հպարտ ենք, որ, սկսած 2014 թ.-ից, հրավիրել ենք երիտասարդ պատվիրակների՝ մասնակցելու մեր նիստերի աշխատանքին և վերջին մի քանի տարիներին աջակցել ենք նրանց կողմից իրենց բնակավայրերում առանձնահատուկ, համայնքային ծրագրերի մշակմանը մեր երկու տարեկան նիստերի միջակայքում: Սա կոնգրեսի նախագահի մեկ ուրիշ հանձնառություն է, և նա մտադիր է շարունակել խթանել երիտասարդների մասնակցությունը կոնգրեսի աշխատանքներում իր մանդատի ընթացքում: 

-Կոնգրեսը նշում է իր փաստաթղթերում, որ որոշ ազգային դատարաններ հաշվի չեն առնում խարտիան և չեն կիրառում դրա դրույթները: Կարո՞ղ եք, անգամ առանց հստակեցնելու երկրները, նկարագրել մեկ կամ երկու իրավիճակ, երբ դատարանները ստիպված էին կիրառել խարտիայի դրույթները, սակայն չարեցին դա: 

Կոնգրեսն իրավասություն չունի՝ պնդելու, թե արդյոք դատարանը պետք է կիրառեր խարտիան կոնկրետ գործում, թե ոչ: Համենայն դեպս, կոնգրեսը հատկորոշել է մի միտում դեպի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրավական կարգավիճակի թուլացումն անդամ երկրների ներպետական իրավական համակարգերում և, մասնավորապես, դրա վավերացված դրույթների ուղիղ կիրառելիության բացակայությունը: 

Խարտիան՝ որպես միջազգային պայմանագիր, ունի իրավական ուժ և պետք է ուղիղ կերպով կիրառվի յուրաքանչյուր անդամ երկրում՝ դրա համապատասխան իրավական սովորույթին համապատասխան: 

Որոշ բարձրագույն դատարաններ հայտարարել են, որ խարտիան, նույնիսկ չնայած օրենքով վավերացված լինելուն, ուղիղ կերպով կիրառելի չէր, քանի որ դրա ձևակերպումը համարվել էր «չափազանց անորոշ»՝ ի հայտ բերելու համար որոշակի իրավունքներ և պարտականություններ՝ ընդունված ներպետական օրենսդրությամբ: Այս՝ խարտիայի (կամ Եվրոպայի խորհրդի այլ կոնվենցիաների) կիրառումը հերքող տենդենցը հանդիսանում է օրենսդրական նացիոնալիզմի մի արտահայտում:  

Այնուամենայնիվ, այս երկրները, ստորագրելով և վավերացնելով խարտիան, իրենց վրա հանձնառություն էին վերցրել՝ կիրառելու դրա դրույթները, և, հետևաբար, ոչ մի ներքին որոշում կամ հստակ իրավական մեկնաբանություն չէր կարող արդարացնել դրա դրույթներին չհետևելը:  

Այս առումով կոնգրեսը պետական իշխանությունների ուշադրությունը հրավիրեց դեպի այն փաստը, որ խարտիան ուղիղ կերպով ոչ կիրառելի իրավական գործիք հռչակող բարձրագույն դատարանների համապատասխան օրենսդրությունը խախտում է հոդված 12-ի կետ 1-ը: Կոնգրեսը 2018 թ. մարտին ընդունեց մի հանձնարարական, որով հորդորում էր պետական իշխանություններին ապահովել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ուղիղ կիրառելիությունը իրենց ներպետական իրավական համակարգերում և, մասնավորապես, ապահովել, որ խարտիան պատշաճ կերպով հաշվի առնվի դատական գործընթացներում: Այն նաև կոչ արեց ուժեղացնել կոնգրեսի հետ քաղաքական երկխոսությունը՝ նպատակ ունենալով հետևել իրենց՝ խարտիայով ստանձնած պարտավորություններին:  

Թու՛յլ տվեք պարզ ասել. տեղական ժողովրդավարությունը դեռ չի հասել նույն մակարդակին մեր բոլոր անդամ երկրներում: Դեռևս անելու շատ բան կա: Եթե մենք ուզում ենք կոնկրետ բարելավումների հասնել, մենք պետք է ապահովենք կոնգրեսի հանձնարարականների հետագա ընթացքը և հավաստիանանք, որ դրանք իրականացվում են անդամ երկրների կողմից: Մենք անդամ երկրների տրամադրության տակ ենք՝ այս առումով նրանց աջակցելու համար:  

Սա նշանակում է, որ մենք ուղղակի առաջարկություններ չենք տալիս, մենք նաև ապահովում ենք շարունակական աջակցություն և փորձագիտություն ուղիղ և կանոնավոր քաղաքական երկխոսության միջոցով, ինչը նաև առաջարկվում է բարձրագույն ներպետական դատարանների ներկայացուցիչներին:  

Մենք համոզված ենք, որ ամենաէական շարունակական ընթացքին կարելի է հասնել միայն երկրի իշխանությունների և հաստատությունների հետ կանոնավոր կապերի և քննարկումների միջոցով:  

-Եվ վերջին հարցը. ի՞նչ մակարդակի է հասնում Հայաստանի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման զարգացման ոլորտում: Որքա՞ն արդյունավետ է այդ համագործակցությունը: 

-Ձեր երկիրը՝ Հայաստանը, վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան 2002 թ.-ին և քաղաքացիների մասնակցության վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը 2013 թ.-ին, և պարտավորություններ ունի այս պայմանագրի բոլոր դրույթներով:  

2016 թ. հունիսին Հայաստանը ստորագրեց կոնգրեսի 351 հանձնարարականի (2014) իրականացման ճանապարհային քարտեզը՝ ուղղված երկրում տեղական ժողովրդավարության հզորացմանը, որն ազդարարում է հայկական իշխանությունների հանձնառությունը՝ հետամուտ լինելու կոնգրեսի հետ համագործակցությանը և քաղաքական երկխոսությանը: Այս երկխոսությունը Հայաստանի և Եվրոպայի խորհրդի, մասնավորապես՝ դրա կոնգրեսի, միջև համագործակցության էական մաս է կազմում:  

Այն հատկապես պտտվում էր Հայաստանի ընթացիկ վարչատարածքային բարեփոխումների և ապակենտրոնացման անհրաժեշտության շուրջ՝ որպես այս բարեփոխումների մի մաս, ինչպես նաև Հայաստանում համապատասխան օրենսդրական շրջանակի վերանայման շուրջ: Որպես Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ճանապարհային քարտեզի իրականացման մշտադիտարկման մաս՝ կոնգրեսը նաև հետևել է Հայաստանում տեղական ընտրություններին և առաջարկություններ է ներկայացրել՝ բարելավելու ընտրական գործընթացը:  

Այս երկխոսությանը և քաղաքական ակցիային աջակցում են տեղում իրականացվող համագործակցային գործողությունները՝ ուղղված մեր առաջարկությունների կիրառմանը գործնականում: Մենք ուղիղ աջակցություն ենք տրամադրում և զարգացնում ինչպես տեղական ընտրված ներկայացուցիչների, այնպես էլ նրանց ազգային միավորման՝ Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունները մեր համագործակցային գործողությունների շնորհիվ: Տեղական ընտրված ներկայացուցիչներին տրվող աջակցությունը կարող է խմբավորվել երեք հիմնական ուղղություններով. 

1) տեղական ընտրված ներկայացուցիչների շրջանում տեղական ժողովրդավարության եվրոպական սկզբունքների և չափորոշիչների առաջխաղացումը և դրանց շուրջ իրազեկության բարձրացումը, 

2) էթիկական կառավարման, տեղական որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների մասնակցության և կոռուպցիայի կանխարգելման ուժեղացումը, 

3) առաջնորդության և կառավարման հմտությունների, ինչպես նաև տեղական ընտրված ներկայացուցիչների՝ իրենց համայնքներում փոփոխություններ առաջնորդելու կարողությունների ամրապնդումը:

Ինչ վերաբերում է համայնքների միությանը տրամադրվող ինստիտուցիոնալ աջակցությանը, ապա մենք ուժեղացնում ենք նրանց շահերի պաշտպանության կարողությունները, որպեսզի հիմքեր դնենք տեղական իշխանությունների կանոնավոր մասնակցության համար խորհրդակցական մեխանիզմի միջոցով կայուն ինստիտուցիոնալ շրջանակում ազգային քաղաքականությունների ուրվագծման գործում: Ավելին, մեծ կարևորություն ունի միության ֆինանսական կայունության ապահովումը, ինչպես նաև դրա հաղորդակցության և ընդհանուր իմիջի բարելավումը, ինչը միության որոշում կայացնող մարմինների և աշխատակազմի հետ տարվող մեր աշխատանքի հիմքում է գտնվում: 

Պետք է նշեմ, որ այս գործողություններն իրականացվում են Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում: Ընթացիկ գործողությունների ծրագիրն իր ժամկետի ավարտին հասավ 2018 թ. դեկտեմբերի 31-ին, և ներկայիս նոր գործողությունների ծրագիրը չորս տարվա համար է՝ 2019-2022: Մենք մասնավորապես շնորհակալ ենք Շվեյցարիայի կառավարությանը դրա՝ Հայաստանում տեղական ժողովրդավարությունն ամրապնդելու հանձնառության և համագործակցային գործողություններին ֆինանսապես աջակցելու համար:

Հարցազրույցը՝ Մարատ Ատովմյանի

(Ֆրանսիա, Ստրասբուրգ)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել