2016-2019 թվականներին Հայաստանի Հանրապետությունում 20 և ավելի տարվա ազատազրկման դատապարտվել են 3 անձ։
Այս մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր հարցման, հայտնել են Դատական դեպարտամենտից։
Տվյալները նշված են 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ։
2016 թվականի մայիսի 5-ին Արթուր Ղավալյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, առանց գույքի բռնագանձման (Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, դատավոր` Սուրեն Բաղդասարյան):
Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով նախատեսված արարքների համար։
- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետ՝ սպանությունը՝ զուգորդված բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,
- 34-104-րդ հոդվածի 1-ին մաս՝ սպանության փորձ,
- 138-րդ հոդվածի 1-ին մաս՝ բռնաբարություն․ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով,
- 39-րդ հոդվածի 1-ին մաս՝ համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով:
- 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ՝ գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով,
- 183-րդ հոդվածի 1-ին մաս՝ ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի։
Մեղադրական եզրակացության համաձայն, Արթուր Ղավալյանը 2014 թվականի օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնատներից մեկի բակից, ապօրինաբար տիրացել է նույն տան բնակչին պատկանող «ՈՒԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենային: Նույն օրը, ժամը 3-ի սահմաններում, Արթուր Ղավալյանը ժամանել է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի առանձնատներից մեկի բակ, ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ:
Նույն տարվա սեպտեմբերի 18-ին, ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել Գուգարք գյուղի առանձնատներից մեկը և փորձել սեռական հարաբերություն ունենալ տան բնակի Հայկուշ․Ա-ի հետ։ Բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողությոններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան: Այնուհետև տանից վերցրել է 2 խոհանոցային դանակներ և դիմել է փախուստի: Հանդիպելով երկու տղամարդկանց կողմից նրա փախուստը կանխելու խոչընդոտին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրանցից մեկին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Հավելենք, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները մերժվել են։
2․ 2017 թվականի հունվարի 26-ին, նույն գործի շրջանակներում, առաջին ատյանի դատարանի վճռով Հովհաննես Մելքոնյանը դատապարտվել է ազատազրկման` 23 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ՝ 230 միլիոն 627 հազար 667 դրամի չափով։ Սեմյոն Եդիգարյանը դատապարտվել է ազատազրկման 21 տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավմամբ՝ 230 միլիոն 627 հազար 667 դրամի չափով։ Խոսրով Մելքոնյանը դատապարտվել է ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավմամբ՝ 230 միլիոն 627 հազար 667 դրամի չափով։
Հովհաննես Մելքոնյանը և Սեմյոն Եդիգարյանը արդարացվել և մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով նախատեսված արարքների համար։
Անմեղ են ճանաչվել՝
- 215-րդ հոդվածի 4-րդ մաս՝ մաքսանենգություն (հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ)։
Մեղավոր են ճանաչվել՝
- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետեր՝ սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով
- 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր՝ ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կազմակերպված խմբի կողմից։
Մեղադրական եզրակացության համաձայն, Հովհաննես Մելքոնյանը հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված խումբ, որի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն:
Սեմյոն Եդիգարյանը հանցանքներ կատարելու համար ստեղծված խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով գույքհափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն:
Ալիսա Չիլինգարյան