Դատավոր Իշխան Բարսեղյանի լիազորություները հոկտեմբերի 24-ին դադարեցվել են։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հոկտեմբերի 24-ին ստորագրված որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 25-ին։
Որոշման մեջ ասվում է․ «Նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի նախագահի 21.10.2019թ. թիվ ՎԴ-1-Ե-8615 գրությամբ ստացված` թիվ ԵՇԴ/0165/01/16 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 16-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵՇԴ/0165/01/16 քրեական գործով 2018 թվականի օգոստոսի 6-ին կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 160-րդ հոդվածի 7-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 24-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանի լիազորությունները համարել դադարած:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը բերման էր ենթարկվել «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։ Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով դատավճիռը հրապարակվել է 2018 թվականի օգոստոսի 6-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ՝ դատարանը Իշխան Բարսեղյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: