Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցումից։ Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման՝ ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին (ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով)։
Միջին որակական գնահատական-ի (ՄՈԳ) շեմ չի սահմանվում:
Որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվում է 82.000,0 հազար դրամ՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
Սահմանվում է նաև, որ սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցներից ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող և սույն որոշմամբ տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):