Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոն է այցելել Վազգեն Սարգսյանի եղբորորդին՝ Կառլեն Սարգսյանը, որն ի պատասխան Իրավաբան.net-ի լրագրողի հարցի նշեց. «Չեմ կարող ասել, և կարծիք հայտնել, թե ով է պատվիրատուն, դա դատավարությունը կպարզի։ Հոկտեմբերի 27-ից արդեն 20 տարի է անցել և ես առանց Վազգեն չեմ ապրել, մինչ օրս և ամբողջ կայնքում էլ այդպես է լինելու։ Կարծում եմ այդ ցավը միայն իմը չէ, ամբողջ հայ ազգինն է, մեր ժողովրդինը»։
Անդրադրադառնալով նաև հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, Վազգեն Սարգսյանի եղբորոդին, նշեց․ «Նա իրավունք ունի պահանջելու, քանի որ արդեն 20 տարի է անցել, բայց բացառվում է, որ նրան ազատություն կտան, ով ուզում է լինի երկրի ղեկավարը, նրան ազատություն չեն տա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։
Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման: