ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց։ ԱԱԾ–ի միջնորդությունը բավարարելու մասին որոշումը քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ միջնորդության քննությունն ավարտվել էր երեկ՝ հոկտեմբերի 23-ին։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ մերժվել է գրավի միջնորդությունը, ինչն անսպասելի որոշում չէր պաշտպանական կողմի համար։ Նա հավելեց նաև, որ որոշումը միանշանակ կբողոքարկվի։
Հավելենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը նշել էր, որ Գագիկ Խաչատրյանին Գերմանիայի Դաշնությունից բժիշկները հորդորել են շտապ վերադառնալ բուժման կուրսը շարունակելու համար, քանի որ 2017 թվականին տարած վիրահտությունից հետո հնարավոր էր առաջանար նոր վիրահատության վտանգ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: