«Պետական նպաստների մասին» օրենքի 35-րդ հոդվածով կարգավորվում է նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը, որի համաձայն․
1. Նպաստառուի մահվան կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և նրա մահանալու կամ վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
3. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
4. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ նպաստառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում:
5. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիները թաղման նպաստը ստանալու համար հնարավորություն ունեն դիմել նաև առցանց տարբերակով։
Առցանց դիմելու համար անցեք՝ այստեղ։