Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց` օրենքով սահմանված կարգով: