«Բաժնետիրական ընկերությունների մասին» գործող օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ լուծարումն Ընկերության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Ընկերությունը կարող է լուծարվել`
ա. ժողովի որոշմամբ, ներառյալ` այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով նա ստեղծվել էր, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել էր.
բ. դատարանի կողմից Ընկերության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ. օրենքով սահմանված այլ հիմքերով:
Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում կայացնում է ժողովը` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:
Ժողովը հաստատում է նաև ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ` լուծարման կարգի և ժամկետների, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի բաշխման կարգի մասին:
Լուծարման հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարման հանձնաժողովի կազմում կամ նշանակել իրենց լիազոր ներկայացուցչին:
Լուծարման հանձնաժողովի անդամները կարող են վարձատրվել` ժողովի որոշմամբ սահմանված կարգով:
Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
Ընկերության բաժնետերերը, այլ արժեթղթերի տերերն ու պարտատերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության լուծարմանն առնչվող բոլոր փաստաթղթերին: