Հարկի գումարը պակաս ցույց տալու համար կպատժվեք

Հարկային օրենսգրքի 403-րդ հոդվածով սահմանվում է, թե որն է համարվում հարկի գումարը պակաս ցույց տալ, և թե ի՞նչ պատիժ է նախատեսված այն կատարելու համար:

Այսպիսով.

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում (բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության) հարկի գումարը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման արդյունքում կազմվող ակտով արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն մասի կիրառության իմաստով` խախտումը կրկին կատարելու օր է համարվում նախորդ խախտման արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում`

  1. մինչև հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետը խախտում ներառող հարկային հաշվարկը հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը (անկախ հետագայում ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու հանգամանքից).
  2. հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի ավարտից հետո խախտում ներառող հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հարկային հաշվարկը փաստացի ներկայացնելու օրվանից և անկախ հետագայում ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու հանգամանքից):

3. Շրջանառության հարկ վճարողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի շրջանառության հարկի հաշվարկում հարկի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

4. Եթե համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկում պակաս ցույց տրված հարկի գումարը (կամ դրա մի մասը) ցույց է տրվել`

  • տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող` տվյալ համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված որևէ հաշվետու ժամանակաշրջանում, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն այդ գումարների մասով չեն կիրառվում.
  • տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող` տվյալ համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված որևէ հաշվետու ժամանակաշրջանում, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն այդ գումարների մասով կիրառվում են կիսով չափ:

Սույն մասի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջաններին նախորդող` տվյալ համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված հաշվետու ժամանակաշրջաններում`

  1. ավելի վաղ ցույց տրված` հարկի ավելի գումարները (կամ դրանց մի մասը) մարված են համարվում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկում ավելի վաղ ցույց տրված` հարկի պակաս գումարների (կամ դրանց մի մասի) հաշվին.
  2. ավելի վաղ ցույց տրված` հարկի պակաս գումարները (կամ դրանց մի մասը) մարված են համարվում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկում ավելի վաղ ցույց տրված` հարկի ավելի գումարների (կամ դրանց մի մասի) հաշվին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել