Սասուն Խաչատրյանի ներկայացուցիչներից ոչ ոք չի ներկայացել դատարան. փաստաբան Հարություն Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ով Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի: Վահագն Հարությունյանը պահանջում է պարտավորեցնել հերքել զրպարտության տեքստը:

 Իրավաբան.net-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանի փաստաբան Հարություն Հարությունյանը նշում է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ կառավարությունում, լրագրողների հետ զրույցում, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 2008 թվականի Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ընդգծել է. «Միայն գտնվելու վայրի հայտնի լինելը չի նշանակում, որ նրա նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել, իրենց ունեցած ապացույցները փաստում են, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ին առավել քան հիմնավոր է, առանց սրա էլ հիմնավոր էր։ Այս բացահայտումը խոսում է, որ բանակի կրակած պարկուճները փաաստորեն կեղծվել են։ Իրական դեպքի հանգամանքները ամբողջությամբ կեղծվել են։ Իրականում այս բացահայտումը շատ նշանակալի բացահայտում եմ ես գնահատում, որովհետև փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքները և գործի ողնաշարը կոտրել»:

Վահագն Հարությունյանի հայցադիմումի համաձայն նշված արտահայտություններն ուղղակիորեն փոխկապակցված են մեկ օր առաջ՝ 31․10․2018  Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին։

Հարություն Հարությունյանը նշում է, որ նույն հարցազրույցն անկախ դիտորդի մոտ ստեղծում է անվերապահ համոզմունք առ այն, որ Վահագն Հարությունյանը կատարել է ծանր հանցագործություն։ Այս դեպքում հատկապես, ՀՔԾ պետը որևէ կերպ իրավունք չունի հարցազրույց տալ իր վարույթում չգտնվող գործի փաստերի շուրջ։

Փաստաբանը նաև նշում է, որ  Երևանի ընդհանուր իրավասության  դատարանում սեպտեմբերի 23-ին կայացած դատական նիստին Սասուն Խաչատրյանի ներկայացուցիչներից ոչ ոք չի ներկայացել:

«Այժմ սպասում ենք դատավորի որոշմանը՝ ապացուցման բեռի բախշման վերաբերյալ: Արդեն հաջորդ դատական նիստին դատաքննություն կլինի, որը ամենայն հավանականությամբ կլինի վերջինը և դատարանը կանցնի վճիռ հրապարակելու փուլին»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Հաջորդ  դատական նիստը  տեղի  կունենա  նոյեմբերի  20-ին,  ժամը 14:00-ին:

Դիանա Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել