Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ով Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի: Վահագն Հարությունյանը պահանջում է պարտավորեցնել հերքել զրպարտության տեքստը:
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել նոյեմբերի 20-ին: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սակայն հայցը վերադարձվել է: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանի փաստաբան Հարություն Հարությունյանը հայտնեց, որ դատարանի՝ հայը վերադարձնելու որոշումը բողոքարկել են վերաքննիչ ատյանում:
Նա նշեց նաև, որ Վահագն Հարությունյանը ներկայումս Հայաստանում չէ և տեղյակ չէ, թե նա երբ կվերադառնա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Նրա փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ դատական ակտն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ դատարան: «Այն հիմքերը, որոնք ներկայացրել էր վարույթն իրականացնող մարմինը դատարանին՝ որևէ քննադատության չէին դիմանում, և անհիմն որոշում է կայացվել»,-նշեց նա։
Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ, ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։