Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ դատական ակտն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ դատարան: «Այն հիմքերը, որոնք ներկայացրել էր վարույթն իրականացնող մարմինը դատարանին՝ որևէ քննադատության չէին դիմանում, և անհիմն որոշում է կայացվել»,-նշեց նա։
Միհրան Պողոսյանը նշում է, որ այն, ինչ տեղի ունեցավ դատական նիստի ընթացքում և դրանից առաջ, ակնհայտ էր, որ իսկզբանե ուղղորդված և ճնշման ներքո կայացված դատական ակտ էր։
Մեր հարցին, թե ու՞մ կողմից է եղել ճնշումը, փաստաբանը պատասխանեց․ «Մոտ մեկ շաբաթ առաջ երկրի բարձրագույն իշխանությունը հայտարարում էր դատարաններին, հասարակությանը, որպեսզի հոգեբանորեն պատրաստ լինեն նոր բացահայտումների։ Քննարկվում էր նաև, որ երկրի բարձրագույն իշխանությունը ստուգման է ենթարկելու դատարանների կողմից կայացրած որոշումը, այն պարագայում, երբ դրա իրավասությունն ոնի միմիայն վերաքննիչ քրեական դատարանը։ Քննարկվում էր նաև և հայտարարվեց, որ որոշ գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների մերժումը դժվարացնում է, իբր թե որոշ քրեական գործերով նախաքննության իրականացումը։ Այս պարագայում ստեղծվեց մի ֆոն, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից ներկայացված միջորդությունների մերժումը պետք է արժանանար իշխանության և հասարակական մեծ պարսավանքի։ Այս ֆոնն ապահովելու համար մինչ այս պահը եղած քողարկված ճնշումները, հասարակության ուղղորդումներն ազդեցություն ունեցան այս ակտի կայացման համար»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ հակառակ պարագայում դատարանը իր համար մի հեռանկար է ներկայացրել, որ հենց այս գործի, այս բացահայտման մասին է խոսել բարձրագույն իշխանությունը, և եթե այս որոշումով օբյեկտիվ դատական ակտ կայացվի և կալանքի թույլտվություն չտրվի, ապա դատարանը կհայտնվի հասարակական պարսավանքի առանցքում և այդ դատարանի կողմից նախկինում էլ կայացրած ակտերը ստւգվելու են ինչ-որ անհայտ մարմնի կողմից՝ դրանից բխող հետևանքներով։
Միհրան Պողոյանը նաև նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշ խախտումներ է թույլ տվել, չի կատարել իր դատավարական պարտականությունները։
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին նույնն օրն ուղարկված ծանուցագրով Վահագն Հարությունյանին որպես վկա հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Ծանուցագիրը բերում են տուն ու հայտնում, որ մի քանի ժամից ներկայացեք հարցաքննության։ Վահագն Հարությունյանը տանը չի գտնվում, նրա որդին է ստանում ծանուցագիրն ու անմիջապես հեռախոսով տեղեկացնում այդ մասին։ Վահագն Հարությունյանը խոսում է տեղամասային տեսուչի հետ, հարցնում, թե ուր պետք է ներկայանա, նշում, որ այդ պահին առողջական խնդիրներով պայմանավորված չի գտնվում Հայաստանում։ Դրանից հետո՝ նույն օրը, նրա փաստաբանը դիմում է ներկայացնում, որ Վահագն Հարությունյանն առողջական խնդիրներ ունի, գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, պատրաստ է իր գտնվելու կոնկրետ հասցեն հայտնել, ներկայացնել այդ մասին իր բժշկական փաստաթղթերը: Հաջորդ օրը՝ ամսի 31-ին, առավոտյան զանգահարում է վարույթն իրականացնող մարմնի քննիչներին և հայտնում իր գտնվելու վայրը, նշում հեռախոսահամարը, սակայն վարույթն իրականացնող մարմինը որևէ պահանջ կամ ներկայանալու անհրաժեշտության մասին ոչինչ չեն հայտնել։ Մենք վերջում ենք տեղեկանում, որ ամսի 30-ին, երբ իրեն որպես վկա էին կանչել, նույն օրն էլ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացված եղել, հետախուզում հայտարարելու մասին որոշում է եղել, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է դատարան ներկայացված եղել։ Ի՞նչ էին անում, Վահագն Հարությունյանին որպես վկա, խաբում, կանչում էին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավե՞ն»,- աաց փաստաբանը։
Վահագն Հարությունյան նաև հայտնեց, որ երբ հոկտեմբերի 31-ին Հարությունյանը քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել, քննիչը պարտավոր է եղել 24 ժամվա ընթացքում հայտնել, որ նա որպես մեղադրյալ է ներգրավվել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում նրա հետ շփվել են որպես վկայի, չեն զգուշացրել, որ նա արդեն մեղադրյալ է, դատավարական պարտականություններ ունի։ «Այս ամենը խոսում է այն մասին, որ ՀՔԾ-ն քողարկված, նախկինում գործող սկզբունքներով, միինչ այժմ էլ շարունակում է քննչական գործողության անվան տակ ապօրինություններ կատարել»,-նշեց նա։
Պաշտպանի խոսքով, Վահագն Հարությունյանը, առողջական խնդիրները լուծելուց հետո պարտավորվել է, որ կներկայանա վարույթն իրականացնող մարմնին։ «Ես, այդ որոշումը կայացնելու համար, որպես իր պաշտպան, իրեն հորդորելու եմ գնահատականի արժանացնել ՀՀ դատական համակարգում այս պահին գործող արդարադատություն փնտրելու նպատակահարմարությունը, որովհետև այս ամեն ինչը դիտավորյալ է կատարվում, որպեսզի անձիք չպայքարեն իրենց արդարության համար։ Նա ևս նշել էր, որ իր նկատմամբ մեղադրանքի առաջադրումը կոնկրետ իր անձի հետ կապված հետապնդում էր»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ դատավարական առումով Վահագն Հարությունյանը դեռևս հետախուզման մեջ է։ Դատարանի որոշման վերաբերյալ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 31-ին հայտարարություն էր տարածել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Վահագն Հարությունյանը:
Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ, ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Ալիսա Չիլինգարյան