«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ անձնագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար։
Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:
Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:
Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:
Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, անձնագիր տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:
Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: