Ամուսինների ընկերությունները միևնույն ծածկագրով մասնակցել են պաշտպանության նախարարության հայտարարած պետական գնման մրցույթին

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար  Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) ապրիլի 18-ին, վարչապետի ապրիլի 4-ի հանձնարարականով, ներկայացրել է Պաշտպանության նախարարության կողմից բժշկական պարագաների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ ուսումնասիրություն:

Ընթացակարգին մասնակցել է երեք կազմակերպություն՝ «Կուրացիո», «Մի Վնասիր», «Նաիրի-Ալանիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: «Կուրացիո» ՍՊԸ-ի հետ կնքնվել է 24 միլիոն 785 հազար 800 դրամի պայմանագիր, «Մի վնասիր»-ի հետ՝ 4 միլիոն 991 հազար դրամի, «Նաիրի-Ալանիկա» ՍՊԸ-ի հետ՝ 915 հազար 90 դրամի պայմանագիր:

«Նաիրի Ալանիկա» ՍՊԸ-ի կողմից ընթացակարգը բողոքարկվել է, քանի որ մասնակիցը նախքան հայտերի բացումը մի քանի չափաբաժինների մասով  պատվիրատուին ներկայացրել է պարզաբանման հարցում, որին սահմանված կարգով չի տրամադրվել պարզաբանում: Արդյունքում խախտվել է «Գնումների մասին օրենք»-ի 29-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները. բողոքը, քննող անձի կողմից, այդ չափաբաժինների մասով բավարարվել է, իսկ պատվիրատուի կողմից ընթացակարգը հայտարարվել է չկայացած:

Պարզվել է, որ «Նաիրի Ալանիկա» ՍՊԸ-ի կողմից «Տրախեոստոմիկ փողի հավաքածու» չափաբաժնի համար առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել հրավերով պահանջվող տեխնիկական բնութագրին և ՊՆ-ի կողմից նախաձեռնվել է «Նաիրի Ալանիկա» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու գործընթաց: Մեկ այլ ծածկագրով ընթացակարգին մասնակցություն են ունեցել «Կուրացիո» և «Նաիրի Ալանիկա» ՍՊԸ-ները և այն ևս բողոքարկվել է «Նաիրի Ալանիկա» ՍՊԸ-ի կողմից տեխնիկական բնութագրերի խտրական լինելու պատճառաբանմամբ, սակայն բողոքը մերժվել է այն քննող անձի կողմից. ընթացակարգը պայմանագրի կնքման փուլում է:

Ի դեպ, պարզվել է նաև այս երկու կազմակերպությունների  փոխկապակցվածությունը: «Կուրացիո ՍՊԸ -ի հիմնադիր և սեփականատեր 2007-2015 թթ եղել է Խաթուն Գրիգորյանցը, իսկ 2015 թվականից  տնօրենն ու սեփականատերը՝ Արթուր Չերքեզյանն է: Վերջիններս 2003 թվականից ամուսիններ են: Ներկայումս կինն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում, որին 2016-2019 թթ-ին «Կուրացիո» ՍՊԸ-ն մատակարարել է 28,7 միլիոն դրամի ապրանք: «Կուրացիո» և «Մի Վնասիր» ՍՊԸ-ների միջև առկա են փոխադարձ դուրս գրված հաշիվներ: «Մի Վնասիր» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերը Լոլա Գրիգորյանցն է՝ Խաթունի մայրը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետի մայիսի 23-ի հանձնարարականով հայտնել է, որ համակարծիք են ՊՎԾ-ի կողմից ներկայացված ուսումնասիրության հետ: Անդրադառնալով  «Մի վնասիր» և «Կուրացիո» ՍՊԸ-ների տնօրենների, սեփականատերերի փոխկապակցված լինելուն և միևնույն ծածկագրով գնման ընթացակարգերին՝ նշել է, որ մասնակցել են տվյալ ընթացակարգի տարբեր չափաբաժիներին հետևաբար չեն խախտել «Գնումների մասին օրենք»-ի 7-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:

Քանի որ տվյալ օրենքի համաձայն լիազոր մարմինը Ֆինանսների նախարարությունն է, առաջարկել են ստանալ նաև վերջինիս կարծիքը:

Գնումների մասին օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց և միևնույն անձի կամ անձանց պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ՝

  • պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերությունների,
  • օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի

Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 18-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է, որ գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը,  վարչապետի օգոստոսի 6-ի հանձնարարականով՝ ամբողջացնելով ՊՎԾ-ի և ՊՆ-ի գրությունները, ինչպես նաև Գնումների գործընթացի կազմակերպման վերը նշված կարգը, ֆինանսների նախարարությունը եկել է այն եզրահանգման, որ օրենքի նշված սահմանափակումը կիրառելի է փոխկապակցված անձանց՝ գնման գործընթացում միևնույն չափաբաժնին միաժամանակյա մասնակցության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել