Այսօր` հունվարի 16-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի դատաքննությունը ըստ մեղադրանքի Սուսաննա Մարտիրոսյանի` «Դոկտոր» մականվամբ և Նարինե Մովսիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2,6 կետերով նախատեսված հանցագործության կատարման համար, այն է` մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ ՀՀ սահմաններից անձի տեղափոխելու միջոցով:
Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ քաղաքացի Հ. Մ. ստիպել են Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ չորս ամիս պահել է պոռնկության շահագործման մեջ և ստացել մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7.500 ԱՄՆ դոլլար: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Այսօր դատաքննությանը ներկա էին մեղադրողը, տուժողը, ամբաստայալները` հատուկ դասակի ուղեկցությամբ և վերջիններիս շահերի պաշտպանները:
«Դոկտորի» պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, որով խնդրեց դատարանին իր վստահորդի մասով կարճել քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումը: Նարինե Մովսիսյանի պաշտպանը ևս միջնորդեց կարճել քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումը:
Կարծես թե դատաքննությունը ընթանում էր բնականոն հունով, սակայն հանկարծակի ամբատանյալ Սուսաննա Մարտիրոսյանի վիճակը վատթարացավ, արդյունքում դատական նիստերի դահլիճ հրավիրվեց շտաբ բուժօգնություն: Բուժօգնություն ցուցաբերվեց ամբաստանյալին և ըստ բուժօգնության աշխատակցի` ամբաստանյալի խոսքերով արյան ճնշումը 90/60 է, իսկ տվյալ պահին բարձրացել էր 140/100, առկա է նեվրոզ:
Դատարանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում:
Շուրջ 30-40 րոպե բուժօգնության աշխատակիցը չհեռացավ դատական նիստերի դահլիճից, այնուհետև դատարանին առաջարկեց ամբաստանյալին տեղափոխել հիվանդանոց, քանի որ ներարկված դեղորայքն իր արդյունքը չի տվել, ուստի, անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել հիվանդանոց` վիճակը կարգավորելու համար:
Դատարանը չմերժեց և դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 30-ը, ժամը 14:00-ն:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net