Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ սահամվել է քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգ, որի համաձայն՝ բացառիկ դեպքեր են համարվում՝
1. քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները՝
• կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.
• կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.
• միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:
2. քաղաքացուն սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները՝
• սպորտի բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս՝ թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը.
• սպորտի բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, նավամոդել և բազկամարտ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.
• Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 22 մարզիկների.
• օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:
3. գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները: