«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Մեկ այլ օրենքի համաձայն արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր: Այստեղ բացառություն են կազմում առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցները(«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս):
Այսպիսով, այս հոդվածներից բխում է, որ անկախ այն հանգամանքից վարորդը մեքենայի սեփականատերն է թե ոչ, չի կարող խուսափել վարչական պատասխանատվությունից՝ տրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագիր վարելու դեպքում: