ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Նույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև՝ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի, եթե առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը։
Այսինքն, վերը նշված օրենքների վերլուծությունից պարզ է դառնում՝ միջին մասնագիտական հաստատությունում սովորելը չի կարող համարվել որպես աշատանքային ստաժ, սակայն, եթե տարիքային կենսաթոշակի անցնելիս առկա լինի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, կամ դրա բացակայության դեպքում առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվելու է նաև միջին մասնագիտական հաստատությունում սովորելու տարիները։