«Մուշեղ Սաղաթելյանն այն անձանց թվին է դասվում, ում նկատմամբ հենց առաջին դեմքը՝ Ռոբերտ Քոչարյանը, անձնական վրեժխնդրություն է ունեցել, և իրականացրել: Մուշեղ Սաղաթելյանն էլ, նրա որդիներն էլ այդ մասին բազմաթիվ անգամ ասել են: Դա գոնե ապացուցված փաստ է, որ Մուշեղ Սաղաթելյանի քրեական հետապնդումները՝ տասը տարի շարունակ, իմիտացիոն բնույթ են կրել»,- նշում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով նրա քրեական գործի վերաբացմանը:
Սեդա Սաֆարյանը նշում է, որ Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 5 խախտում է ճանաչել, որոնք արմատական գործառույթներ են և վերագրված են հիմնականում դատարանին և իրավապահ մարմիններին: «Մուշեղ Սաղաթելյանի գործով արձանագրվել է, որ քաղաքական հետապնդումը շատ ավելի տեսանելի է եղել և մենք 3 դատական ատյաններ ենք ունեցել, որոնք ըստ էության դատական իշխանություն չեն իրականացրել: Սա խոսում է այն մասին, որ Մուշեղ Սաղաթելյանով գնահատական է տրվել ամբողջ Մարտի 1-ի, իշխանության և դատական համակարգի համագործակցված աշխատանքին և դրանով գնահատականը շատ ամփոփիչ է»,-նշում է փաստաբանը:
Նրա խոսքով, եթե անգամ ուրիշ այլ գործեր չլսվեն կամ չգնան ՄԻԵԴ, ապա այս գործը բավարար է՝ արձանագրելու, թե ինչ է տեղի ունեցել դատական համակարգում:
«Մուշեղ Սաղաթելյանը բոլորից շատ գիտի, թե ինչ է կատարվել Հայաստանում»,-ընդգծում է Սեդա Սաֆարյանը:
Հավելենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս.Սաֆարյանի և Վ.Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:
Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը որպես նոր հանգամանք, հիմք ընդունեով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան