Ռուբեն Վարդազարյանն այլևս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը չէ

Հուլիսի 11-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քվեարկությամբ 111 ձայն ստանալու արդյունքում ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Մինչ այդ, Ռուբեն Վարդազարյանը պաշտոնավարում էր որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ համաձայն ՀՀ նախագահի 2018 թ-ի հուլիսի 18-ի հրամանագրի: Նախագահի հրամանագրի համաձայն, այս դատարանի նախագհի պաշտոնում նա պետք է պաշտոնավարեր 3 տարի:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այլևս չի կարող համարվել, քանի որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

Առաջին ատյանի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը կարող է այլ դատավորի նշանակել իրեն փոխարինող արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի կողմից փոխարինող չնշանակվելու, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, որը տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորին:

Հավելենք, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան դատարանի կազմից, երեք տարի ժամկետով: Դատարանի նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, չի կարող վերստին նշանակվել այդ պաշտոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել