Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկվեց ազդարարման համակարգը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում ունկնդիրները ծանոթացան ազդարարման համակարգին, դրա տեսակներին, քննարկեցին օրենսդրությամբ առկա հիմնական խնդիրները և ռիսկերը, ինչպես նաև՝ առկա օրենսդրական բացերը ազդարարների իրավունքների պաշտպանության և խրախուսման մեխանիզմների մասով։

Դպրոցի դասախոսն էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Դասախոսը ներկայացրեց, թե ինչ է ազդարարումը, ազդարարների համար պաշտպանության ինչպիսի մեխանիզմներ կան, և որոնք են այս ոլորտի հիմնական մատահրավերները:

Ազդարարումը՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին:

Ազդարարաման նպատակը կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները բացահայտելն է: Համակարգը նպատակ ունի կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունք ձևավորել:

«Ազդարարման համակարգը Հայաստանում գործարկվում է 2017 թվականից, սակայն ունի նաև իր թերությունները: Մասնավորապես, կարգավորված չեն քրեակատարողական հիմնարկներում և մասնավոր ոլորտում ազդարարումը, որտեղ մեծ թվով իրավախախտումներ են արձանագրվում: Անանուն կարգով՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հանցագործության մասին հաղորդում չհանդիսացող տեղեկությունը քննության չի առնվում ՀՀ գլխավոր դատախազության կողմից, դա պարզապես ուղարկվում է համապատասխան մարմին: Այդ մարմինն էլ իր հերթին կարող է ընթացք տալ կամ չտալ ազդարարմանը։ Ցածր է նաև հանրության իրազեկվածությունը ազդարարման համակարգի վերաբերյալ, և հանրության հետ մշտական հիմունքներով իրազեկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա»,-նշում է Սյուզաննա Սողոմոնյանը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել