Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հունիսի 20-ին հյուրընկալեցին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
Նշենք, որ պատգամավորը 2015 թվականին ավարտել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2-րդ հոսքը:
Դասընթացին քննարկվեցին բիզնես և քաղաքականության տարանջատման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և առաջիկայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ հարցեր:
Անի Սամսոնյանը այն համոզմանն է, որ բիզնեսը և քաղաքականությունը ամբողջովին անջատ պետք է գործեն: Պատգամավորի խոսքով՝ ձեռնարկատեր-պաշտոնյան չի կարող անաչառ և անկողմնակալ լինել իր որոշումների, քվերակության, ինչպես նաև օրենսդրական նախագծեր ներկայացնելիս:
«Սահմանադրության 95-րդ հոդվածը սահամանում է, որ օրինակ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Այսպիսի կարգավորում կան նաև «Հանրային ծառայության մասին» օրենքը: Այս կարգավորմանը պետք է հետևի յուրաքանչյուր ոք: ԱԺ-ում, վարչապետի և նախագահի պաշտոնում չպետք է հայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք առնչություն ունեն բիզնեսի հետ, չէ որ դա է ազատ մրցակցության ապահովման սկզբունքներից մեկը»,-նշեց պատգամավորը:
Խոսելով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի մոդելի մասին՝ պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծմանը:
«Անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմինը ենթարկվում է նաև հասարակական վերահսկողության: Որպես սահմանադրական անկախ մարմին այն հաշվետու էր լինելու միայն Ազգային ժողովին, որը վերահսկողություն է իրականացնելու մարմնի գործունեության նկատմամբ: Իմ կարծիքով՝ դրա ստեղծումը ավելի արդյունավետ կլիներ հակակոռուպցիոն պայքարի այս փուլում»,-նշեց պատգամավորը:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: