Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է: Կրոնական կազմակերպություններ են` եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ:
Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից: Կրոնական կազմակերպությունները կարող են ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները: Իսկ այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը կամ ղեկավարելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաև անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը: