Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան: ՀՀ Ընտանեկան օրենդրությունը նախատեսում է դեպքեր, որոնց առկայության դեպքում ամուսնության կնքումը արգելվում է: Մասնավորապես,
արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ: