Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Արա Մինասյանից՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով. Արա Մինասյանի պահանջը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարարության դեմ։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատարանի որոշումը։ Երևանի ընդահանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Արսեն Թորոսյանը պետք է վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել հայցվորի ներկայացված հետևյալ փաստացի տվյալները: Նշված արտահայտությունները Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջի  ուղիղ եթերի ժամանակ:

Անհնարինության դեպքում պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է հանդես գան հերքմամբ և ներողություն խնդրեն առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) ուղիղ եթերի  համար:

Հերքման տեքստը այսպիսին է․ «27.07.2018 թվականին ուղիղ եթերի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. «… մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «… չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ», «Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ»: «Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ», «Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից» չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել