Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հարապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժիշկ) մոտ, որին ինքը կընտրի կամավոր:
Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկը չի գրանցում իրեն ընտրած և գրանցվելու նպատակով դիմող բնակչին, եթե`
• լրացել է ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները.
• բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին.
• եթե ԱԱՊ հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն:
ՀՀ քաղաքացին գրանցվելու համար ներկայացնում է իր անձնագիրը, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար` նրա ծննդյան վկայականը, իսկ սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում` նաև այդ փաստը հավաստող փաստաթուղթը: Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձն իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթը և տրամադրում այդ փաստաթղթի պատճենը:
Գրանցումն իրականացնող ԱԱՊ բժիշկը կամ բուժքույրն այդ փաստաթղթերից լրացնում է դիմող բնակչի անհատական տվյալները, և փաստաթղթերը վերադարձնում բնակչին։