Քրեական գործով վարույթի կասեցումը

Գործող Քրեական դատավարության Օրենսգրքի 295-րդ հոդվածի (Որոշում` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին) 1-ին մասի համաձայն՝ եթե մեղադրյալը թաքնվել է, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, կամ հիվանդացել է ծանր հիվանդությամբ, կամ օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, կամ գործում է անհաղթահարելի ուժ, որը բացառում է դատական նիստին նրա մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 31 հոդվածով նախատեսված այլ դեպքերում դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին:
Քրեական դատավարության Օրենսգրքի 31-րդ հոդվածի (Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը) 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
Այսինքն՝ այս երկու հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ Օրենսդիրը արդեն իսկ նախատեսել է, որ եթե առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կասեցնել և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, քանի որ գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանի այդ որոշումը դատավարության մասնակիցների կողմից որոշման կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել