Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողն սպասարկող բանկերում կատարում է հետևյալ վճարումները`
1) համապատասխան տրանսպորտային միջոցի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված բնապահպանական վճարը /որը չափը կարող եք ստուգել հետևյալ հղումով/, որը բանկի կողմից փոխանցվում է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին.
2) համապատասխան տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը`
- թեթև մարդատար – 8000 դրամ,
- միկրոավտոբուս/մինչև 17 նստատեղ ունեցող/ – 10. 000 դրամ,
- ավտոբուս/17-ից ավել նստատեղ ունեցող/ – 13. 000 դրամ,
- բեռնատար (մինչև 3,5 տոննա զանգվածով) – 10.000 դրամ,
- բեռնատար (3.5 տոննայից ավել զանգվածով) – 13. 000 դրամ,
- կցորդներ և կիսակցորդներ – 6. 000 դրամ,
- մոտոցիկլետներ և մոպեդներ – 6.000 դրամ, որը բանկի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված համապատասխան կուտակային հաշվին.
3) օրենքով սահմանված կարգով նախատեսված պետական տուրքը (տեխզննման կտրոնի արժեք) – 2500 դրամ, որը բանկի կողմից փոխանցվում է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին.
4) համապատասխան տրանսպորտային միջոցի (միջոցների) համար հաշվարկված գույքահարկը` գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որը բանկի կողմից փոխանցվում է համապատասխան համայնքի բյուջե:
Սա կարգավորվում է կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշման 15-րդ կետի և «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 28.1 կետի համաձայն:
Կառավարության նշված որոշման 30-րդ կետով սահմանվում է, որ բանկերի կողմից տրամադրված կտրոնի 2-րդ հատվածը հավաստում է բանկերում Ձեր վճարում կատարելը։
Ուստի տեխզննման կայանում այլ վճարներ չեն նախատեսվում:
Տեխնիկական զննության կայաններում ստուգվում է տրանսպորտային միջոցը, որի արդյունքի հիման վրա, ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման N 1 ձևի քարտը, որը մեկ օրինակից կնքվում և տրամադրվում է վարորդին։ Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համակարգչի միջոցով կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների հաշվառում, որի տվյալները տրանսպորտային միջոցի տեխնիկական
զննությունից անմիջապես հետո կայանների համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության սերվերին, որից օգտվում է նաև ճանապարհային ոստիկանությունը։