Դատարանը բավարարեց Վաչագան Ղազարյանի պահանջը. նրա և կնոջ հայտարարագրերը կոչնչացվեն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ենթադրյալ ապօրինի հարստացման համար մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը սեպտեմբերի 4-ին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի:

Գործը մակագրվել էր դատավոր Գևորգ Սոսյանին:

Այսօր՝ մայիսի 17-ին, դատարանը բավարարել է վերջինիս պահանջը: Հանձնաժողովը պարտավոր է ոչնչացնել Վաչագան Ղազարյանի 2017-2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017-2018 թվականի տարեկան հայտարարագիրը և ի օգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են դատավորի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը պահանջում էր հանձնաժողովին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ կամ ակտեր` հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • Ոչ իրավաչափ ճանաչել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելն ու շարունակաբար հրապարակելը,
  • «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը,
  • Ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը (պարտավորեցման հայց):

Վաչագան Ղազարյանը նաև պահանջում է հանձնաժողովին պարտավորեցնել հարուցել վարչական վարույթ` իր և իր կնոջ սահմանված ժամկետում 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը չներկայացնելու համար:

Դատարանի սեպտեմբերի 10-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր: Վաչագան Ղազարյանը սեպտեմբերի 25-ին հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան` խնդրելով հանձնաժողովին պարտավորեցնել ոչնչացնել իր և իր կնոջ 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել