Ապօրինի հարստացման համար մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը սեպտեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի:
Գործը մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին:
Վաչագան Ղազարյանը պահանջում է հանձնաժողովին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ կամ ակտեր` հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Ոչ իրավաչափ ճանաչել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելն ու շարունակաբար հրապարակելը,
- «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը,
- Ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը (պարտավորեցման հայց):
Վաչագան Ղազարյանը նաև պահանջում է հանձնաժողովին պարտավորեցնել հարուցել վարչական վարույթ` իր և իր կնոջ սահմանված ժամկետում 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը չներկայացնելու համար:
Դատարանի սեպտեմբերի 10-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Վաչագան Ղազարյանը սեպտեմբերի 25-ին հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան` խնդրելով հանձնաժողովին պարտավորեցնել ոչնչացնել իր և իր կնոջ 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:
Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, նշանակվել է դատական նիստ:
Եվգենյա Համբարձումյան