Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի. դատաքննությունը մոտենում է ավարտին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։

Այսօր՝ մայիսի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նշված գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:

Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ պատասխանողի ներկայացուցչի կողմից շահարկվող խոսքի ազատության իրավունքը չի կարող իրացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով:

Վահագն Գրիգորյան գտնում է, որ Արսեն Թորոսյանը չի կարող ի պաշտպանություն իրեն վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք վերաբերում են լրագրողներրին, հրատարակիչներին և գրողներին:

«Արսեն Թորոսյանը, ամեն դեպքում, հանդիսանում է առողջապահության նախարար, բարձրաստիճան պաշտոնատար անձ, ուստի խոսքի ազատության սահմանները նրա համար ավելի նեղ պետք է լինեն, քան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիներին: Սա պայմանավորված է 2 հանգամանքով. նախ` պարոն Թորոսյանը պետք է ունենար շատ ավելի բարձր իրավագիտակցություն, քան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղքացիները, ուստի որևէ հայտարարություն անելուց առաջ նա պարտավոր է մանրամասն ստուգել փաստերը, կշռադատել իր արտահայտությունները և դրանց հետևանքները: Եվ 2-րդ, իր կարգավիճակով պայմանավորված նա պետք է գիտակցեր, որ իր կատարած արտահայտությունը շատ ավելի լուրջ բացասական հետևանք կառաջացներ հայտարարության հասցետաիրոջ համար, քանի որ նրա խոսքը դիտվում է ՀՀ-ի անունից ասված խոսք: Պատասխանողից պետք է պահանջել զսպվածության ավելի բարձր մակարդակ»,-նշեց նա:

Վահագն Գրիգորյանը նշեց, որ Արսեն Թորոսյանը չի կարող օգտվել նաև, այսպես կոչված, լրագրողական սադրանքի իրավունքից, որի մասին սահմանել է ՄԻԵԴ-ը:

Արա Մինասյանի ներկայացուցիչն անդրադարձավ նաև արտահայտությունը զրպարտություն գնահատելու չափանիշներին: Արսեն Թորոսյանի կողմից արված արտահատությունները փաստացի տվյալներ են, որոնց միջոցով վերջինս ցանկացել է շեշտել, որ հայցվորը, հանդիսանալով բժշկական կենտրոնի տնօրեն, թույլ է տվել և հնարավոր է հենց ինքն էլ կազմակերպել է չարաշահումներ և պետությունից գումարներ է գանձել:

Հայցվորը, ըստ Արսեն Թորոսյանի, թալանել և վատնել է պետական միջոցները մոտ 400 միլիոն դրամի չափով:

«Ես կարծում և պնդում եմ, որ ասված խոսքերի թիրախը հանդիսացել է հենց հայցվոր Արա Մինասյանը: Միակ չափանիշը, ըստ ՄԻԵԴ-ի այն է, որ սովորական ընթերցողը պետք է զգա, թե ով է հանդիսացել քննադատության թիրախը: Պատասխանողի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ անունը, ազգանունը նշված չի եղել, բայց ՄԻԵԴ-ը չի էլ նշել, որ անունը և ազգանունը նշելը պարտադիր պայման է: Այն, որ պատասխանողի ներկայացուցիչ պարոն Գյոզալյանը նշում է, որ ինքը, որպես սովորական ընթերցող չի զգացել, թե Արա Մինասյանի մաասին է խոսքը, նշեմ, որ պարոն Գյոզալյանը սովորական ընթերցող չի կարող համարվել, քանի դատավարության ելքով շահագրգռված անձ է և նույն տրամաբանությամբ, եթե պարոն Գյոզալյանը սովորական ընթերցող է, ապա ես էլ եմ սովորական ընթերցող, իմ կարծիքով, թիրախավորումը ակնհայտ է»,-նշեց Վահագն Գրիգորյանը:

Նրա խոսքով, գործում առկա է փաստերի և ապացույցների այնպիսի համակցություն, որ այդ ակնհայտ թիրաավորումը երևում է:

Փաստաբանը ընթերցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 2018 թվականի հուլիսի 12-ի հայտարարությունը, որում նրանք խնդրում էին «չթիրախավորել հիվանդանոցը, դադարեցնել Արսեն Թորոսյանի կողմից հիվանդանոցի դեմ կազմակերպված արշավը»: Նույն օրը նաև նախաձեռնվել էր ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային ստորագրահավաք:

«Այս ամենից 6 օր անց Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ մի շարք բուժհիմնարկների ղեկավարներ շարունակում են իրենց «բեզպրիդելը» և ոչ մի ստորագրահավաք նրանց չի փրկելու, հուլիսի 27-ին Արա Մինասյանը աշխատանքից ազատվում է: Նույն օրը, խոսելով չարաշահումների մասին, պարոն Թորոսյանը նշում է, որ ոչ մի ստորագրահավաք չի կարող արդարացնել որևէ չարաշահում, քանի որ ստորագրահավաքներով չի որոշվում հիմնարկների կառավարումը: Իսկ այդ ստորագրահավաքը կազմակերպվել և իրականացվել է բացառապես ի պաշտպանություն Արա Մինասյանի: Արսեն Թորոսյանը տեսանյութում խոսելով չարաշահումների մասին, հայտարարել է, որ այդ ստորագրահավաքը, որը ի պաշտպանություն Արա Մինասյանի է կազմակերպվել, չի կարող արդարացնել չարաշահումը: Եթե հաշվի առնենք, թե ով էր ստորագրահավաքի «շահառուն», Արսեն Թորոսյանը խոսելով չարաշահումների մասին թիրախավորել էր հենց նրան, այսինքն, Արա Մինասյանին»,-նշեց հայցվորի ներկայացուցիչը:

Ի լրումն այս ամենի, հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝  Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից՝ «Օրինական ատկատ, 10 տոկոս փայ այն ընկերությունից, որտեղից գնում ես անում» արտահայտության համար: Այն տեղադրվել է նրա ֆեյսբուքյան էջում որպես մեկնաբանություն. ««Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից Արա Մինասյանի հետ առնչվող ընկերությունից գնումների պայմանագրերն առգրավվել են, հարուցված է քրեական գործ» վերնագրով նյութին:

««Ատկատը» դա ապօրինի երևույթ է: Արսեն Թորոսյանը խեղաթյուրել է այն նյութը, որով կիսվել է: Իրավաբան.net կայքում հրապարակված նյութում «ատկատի» մասին խոսք չկա: Նյութում առկա տեղեկատվությունը, մեր գնահատմամբ, օրենքի խախտում չէ, անճշտություններ կան, բայց այդ մասին այս դատավարարության շրջանակում նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ: Այս գրառումը խոսում է այն մասին, որ Արսեն Թորոսյանը նպատակ ունի վիրավորել հայցվորի պատիվը և արժանապատվությունը»,-նշեց Արա Մինասյանի ներկայացուցիչը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը սակայն նշեց, որ Վահագն Գրիգորյանի ամբողջ ելույթի ժամանակ չլսեց գեթ մեկ փաստ, որ թիրախավորվել է Արա Մինասյանը. «Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ կողմը վիրավորվածություն ունի իրեն աշխատանքից ազատելու հետ կապված, և քանի որ Արսեն Թորոսյանի որոշմամբ է վերջինս ազատվել աշխատանքից»:

Գյոզալյանը նշում է, որ նշված Վագահն Գրիգորյանի նշած ապացույներում Արսեն Թորոսյանը Արա Մինասյանին նկատի չի ունեցել, նրա դատողությունները և գնահատականները եղել են ընդհանրական:

«Ակնհայտ է, որ ապացույցները վերաբերելի չեն այս գործին: Դուք պետք է ապացուցեիք, որ սա 3-րդ անձանց մոտ ընկալվել է այդպես: Հայցվորը, հայցվորի աշխատանքից ազատվելու դեմ ստեղծված աղմուկը հմտորեն փորձում է օգտագործել սույն գործող, թեև այն կապ չունի պատասխանողի արտահայտությունների հետ»,-նշեց Գյոզալյանը:

Նա նշեց նաև, որ մինչև հայտնի ուղիղ եթերը, որի ժամանակ նա արել է հայցվոր կողմի պնդմամբ «վիրավորական» արտահայտությունները, Արսեն Թորոսյանն ունեցել է անբեկանելի տեղեկություններ, որ պետական բյուջեին պատճառվել է 431,3 միլիոն դրամի վնաս:

Գյոզալյանը նշում է, որ ««Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից Արա Մինասյանի հետ առնչվող ընկերությունից գնումների պայմանագրերն առգրավվել են, հարուցված է քրեական գործ» վերնագրով նյութով կիսվելիս էլ Արսեն Թորոսյանը չի նշել Արա Մինասյանի անունը:

«Այդ նյութը, երբ վերցնում ենք, տեսնում ենք, որ գրված է «Ֆինանսների նախարարության armeps.am կայքում  այս ընկերության կողմից 2017 թվականի սեպտեմբեր ամսին և դրանից հետո հրապարակված մի քանի հայտում նշվում է, որ ընկերության սեփականատերերն են Վահրամ Էմիլի Թորոսյանը և Արա Միքայելի Մինասյանը»: Չգիտես ինչու, կողմը որոշել է, որ իմ վստահորդը նկատի է ունեցել ոչ թե Վահրամ Էմիլի Թորոսյանին, այլ հենց Արա Մինասյանին: Մենք, ըստ էության, պետք է պատասխան տանք Իրավաբան.net-ի կողմից արված դատողությունների, գնահատականների համար»,-նշեց Գյոզալյանը:

Նա իր խոսքի վերջում նշեց, որ հայցվոր կողմին «օդի պես անհրաժեշտ է» թիրախավորումը ապացուցել:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը պահանջում է նաև Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել հայցվորի ներկայացված հետևյալ փաստացի տվյալները: Նշված արտահայտությունները Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջի  ուղիղ եթերի ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութերում

Եվգենյա Համբարձումյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել