Գորիկ Հակոբյանը ինձ պատմեց, որ մեքենայից անձիք են դուրս գալիս, կրակում են զինվորների ուղղությամբ. Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 4-րդ օրն է շարունակվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Ակնկալվում է, որ այսօր դատարան կներկայանան նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Պաշտպան Արամ Օրբերյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Նա խնդրեց դատարանին գործով հիմնավոր կասկածը հերքող տեսանյութի ցուցադրման համար տեխնիկական հնարավորություն ապահովել. «Իմ դիրքորոշումը հիմնվելու է տեսանյութում ներկայացվող ինֆորմացիայի վրա, ուստի  միջնորդում եմ իմ այս հարցին անդրադառնալ հիմա»,-նշեց նա:

Դատարանը խնդրեց անդրադառնալ այն հարցերին, որոնք տեսանյութին չեն անդրադառնում և վերջում միայն տեսանյութին, Հովհաննես Խուդոյանը համաձայնվեց:

Պաշտպանը նշեց, որ երբ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր անհապաղ վերադարձնել անձի անձնագիրը, վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք կիրառվել են, անգամ եթե հետո մեղադրող կողմը որոշումը բողոքարկելու հեռանկար ուներ:

«Այսինքն դատախազությունը ուզում է ակնհայտ ապօրինի իր գործողությունները մեկնաբանել արդեն ի վնաս պարոն Քոչարյանի»,-նշեց Խուդոյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց: Նա նշեց, որ պաշտպանը դիրքորոշումը որպես պնդում է ներկայացնում, ինչը ճիշտ չէ:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դիմել է մեղադրող կողմին՝ հիմնավոր կասկածի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու համար՝ խնդրելով տրամադրել 2008 թվականի փետրվարի 24-ին հարուցված քրեական գործի նյութերը: Նախաքննության ավարտից հետո էլ Ռոբերտ Քոչարյանին միջնորդել է վարույթն իրականացնող մարմնին իրենց տրամադրել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ բոլոր նյութերը, սակայն դրանք չեն տրամադրվել:

«Հարգելի դատարան, Ձեզ մոտ առկա գործի նյութերը նույնպես ամբողջական չեն: Օրինակ՝ գործից առանձնացված են 2008 թվականի ցուցմունքներ, բայց առանձնացված են ինչ-որ անհասկանալի տրամաբանությամբ: Մենք չենք կարող գնահատել, որ այն ցուցմունքը, որտեղ նշվում է ինչ-որ հանգամանք, չի հերքվում 10 այլ ցուցմունքով: Գիտե՞ք այդ նյութերը ինչ սկզբունքով են առանձնացվել: Քննիչը իր պատասխանում նշել է, որ այս 83 հատորներում առանձնացված են բոլոր այն նյութերը, որոնք ապացուցում են մեղադրյալի մեղավորությունը: Այսինքն, Դուք Ձեր ձեռքի տակ ունեք այնպիսի նյութեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրական են»,-նշեց Խուդոյանը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ի պատասխան հայտնեց, որ եթե պաշտպանները գտնում են, թե կան այլ նյութեր, մեղադրանքի ապացուցման վերաբերյալ, դատական նիստի նախապատրաստական փուլում նման հնարավորություն տրվելու է:

Խուդոյանն էլ նշեց, որ բոլոր նյութերը, որոնց վրա հղում է կատարում վարույթն իրականացնող մարմինը հիմնավոր կասկածը հաստատելու համար, սելեկտիվ են, առանձնացված են և չեն արտահայտում նյութի ամբողջ ծավալը:

«Հղում է կատարվել, որ Ռոբերտ Քոչարյանը  Yerevan.Today-ին տված հարցազրույցում այդ օրերի մասին պատմելով նշել է, որ երկրապահ կամավորականների հետ կապված խնդիր կար, այնուհետև այդ խնդիրը լուծվել է, քանի որ չկար վտանգ: Վարույթն իրականացնող մարմինը արդեն անտեսում է շարունակությունը, որ այդ վտանգը իրականում չէր չեզոքացվել: Ռոբերտ Քոչարյանը դեռ առաջին նիտից սկսած ասել էր, որ այդ վտանգը ավելի էր լրջացել, որովհետև բացահայտ գործողություններից անցել էին գաղտնի գործողությունների: Աշխատանքներ էին տարվում զորամասներում առանձին սպայական խմբերի հետ»,-նշեց Խուդոյանը:

Կրկին անդրադառնալով տեսանյութին, որի ցուցադրության համար տեխնիկական հնարավորություն էր խնդրել Հովհաննես Խուդոյանը, դատարանը նշեց, որ այս փուլում ապացույցներ չեն հետազոտվելու. «Իսկ այն տեսնյութը, որը չկա գործի նյութերում և Դուք ուզում եք որպես ապացույց ներկայացնել, կներկայացնեք ավելի ուշ: Դատարանը Ձեր միջնորդությունը մերժում է»,-ասաց դատավորը:

Պաշտպան Ալումյանը դատավորի գործողուղությունները առարկեց: Նա նշեց, որ մեղադրող կողմը հիմնավոր կասկածը հաստատող տվյալներ հրապարակեց մի շարք ցուցմունքներում, և եթե դատարանը այս փուլում ապացույց չի հետազոտում, ապա մեղադրանքի կողմի ոչ մի նյութ չպետք է ո՛չ հետազոտվի, ո՛չ գնահատվի:

«Եթե Դուք ասում եք, որ նյութեր կարելի է հետազոտել, ապացույց՝ ոչ, ապա մեղադրանքի կողմից ներկայացված ապացույցները նույնպես չպետք է հետազոտվեն, հետևաբար չեն կարող նաև գնահատվել: Եթե ապացույցը կարելի է գնահատել խորհրդակցական սենյակում, ապա այդ ապացույցը կարելի է նաև այստեղ հետազոտել: Հիմա, եթե Դուք ասում եք, որ ապացույցների հետ գործ չունեք, ապա ես պահանջում եմ, որպեսզի դատարանը հիմնավոր կասկածի հարցը խորհրդակցական սենյակում քննարկելուց ոչ մի ապացույց չվերլուծի»,-նշեց Ալումյանը:

Երևանի դատախազ Գևորգ Բաղադասարյանը նշեց, որ այս վարույթում ապացույցները չեն կարող հետազոտվել այն ծավալով և այն կերպ, ինչպես գործի քննության ժամանակ:

«Դատարանին ներկայացվել են նյութեր, որոնցում երևում են հակառակը, ինչ Դուք եք ասում: Եթե մենք այդ չափով հետազոտում սկսենք, ապա քրեական գործը պետք է քննենք հենց այս վարույթում: Դա ընդունելի չէ, դա հակասում է արդար դատաքննության իրվունքին: Մենք առարկում ենք, տեսանյութը չի կարող հետազոտվել»,-նշեց նա:

Նախագահողի գործողությունների, Գևորգ Բաղադասարյանի գործողությունների և հայտարարության դեմ առարկեց նաև պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ եթե ապացույցները գնահատենք այն ծավալով, որը ներկայացրել է մեղադրական կողմը և հնարավորություն չտանք ակնհայտորեն հակառակը ապացուցող տեսանյութ ներկայացնել, սա ոչ օրինական գործողություն է:

Դատարանը, սակայն, արդեն մերժել էր միջնորդությունը:

Հովհաննես Խուդոյանը անդրադարձավ մեղադրողի կողմից որպես ապացույց ներկայացված մի տեսանյութի, «Հայլուրի» 2008 թվականի փետրվարի 26-ի թողարկումը:

Ըստ պաշտպանի, տեսանյութում երևում է, որ ԱԱԾ-ն փետրվարի 25-ին բերման է ենթարկել մի անձի, որը տեսանյութում ռուսերեն լեզվով ցուցմունք է տալիս այն մասին, որ ինքը ցանկություն է ունեցել գրավել հեռուստաաշտարակը:

«Հեռուստատեսության աշտարակը հատուկ պահպանվող տարածք է և ի թիվս այլ օբյեկտների, վերցվել է պաշտպանության տակ»,-նշում է նա:

Ռոբերտ Քոչարյանը լրացում կատարեց և հայտնեց, որ որպես ապացույց ներկայացված տեսանյութերի զգալի մասը նա տեսել է մարտի 7-ին, 8-ին, որոնք բերվել են նախկին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի կողմից:

«Մինչև մարտի 1-ի իմ հայտնի ասուլիսը ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել, թե ինչպիսին է վիճակը: Վերջինս ասել է, որ զենք են կիրառում, նռնակներ կան մարտական: Այդ դրվագներից մեկը ինքը ինձ պատմեց, որ մեքենայից անձիք են դուրս գալիս, կրակում են զինվորների ուղղությամբ, հետ է մտնում, նորից դուրս է գալիս: Հետո, երբ սկսեցին քննադատել գործողությունները, որից հետո ես պահանջեցի, որ բերեն ու ցույց տան այդ նյութերը, որոնք այսօր չկան, չգիտեմ թե որտեղ են: Թե ենց են պայթեցնում, ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում: Այդ ամբողջը նյութերում կար, այսօր չկան: 3 հատորանոց գործը, որը հարուցվել է ԱԱԾ-ի կողմից, այս գործին չի կցվել և համոզված եմ, բազմաթիվ նյութեր ևս չեն կցվել: Ընդամենը 1 մարդ է հարցաքննվել ԱԱԾ-ի, դա հարցեր է առաջացնում»,-նշեց Քոչարյանը:

Նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել