Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Մարտի 1»-ի գործով առանձնացված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որպեսզի պաշտոնաթող նախագահի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն ներկայացրած Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարան ներկայանան ուրբաթ օրը, օրվա 2-րդ կեսին:
Խուդոյանը նշեց, որ հնարավորության դեպքում նրանց հետ կապվել տեսակապի միջոցով:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը տեսակապի միջոցով հնարավորություն չի ընձեռում երաշխավորին ներկայացնել և պարզաբանել իր պարտականությունները և բացի այդ նա դատարանում պետք է վերահաստատի իր երաշխավորությունը և ստորագրի:
«Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը լրանում է մայիսի 19-ին և պետք է հաշվի առնել նաև, որ դատարանը դատական ակտ պետք է կայացնի: Դատական ակտը կայացնելուց առաջ առնվազն 1 օր ժամանակ է պետք, ամենաքիչը: Տեղյակ պահեք, որ գոնե վաղը ներկայանան, եթե հնարավորություն ունեն: Մայիսի 17-ին վերջին աշխատանքային օրն է, դրան հաջորդում են ոչ աշխատանքային օրեր»,-նշեց դատավորը:
Ռոբերտ Քոչարյանն էլ ավելացրեց, որ իրեն փոխանցել են՝ պատվիրակնություն կա Արցախում, և դրա պատճառով վերջիններս չեն կարող ավելի վաղ ներկայանալ դատական նիստին:
Դատավորը հանձնարարեց ճշտել՝ արդյոք կկարողանան շաբաթ օրը դատական նիստ անցկացնել:
5 րոպեանոց ընդմիջումից հետո վերջինս հայտնեց, որ ցանկալի կլինի, որպեսզի երաշխավորները վաղը գան:
Պաշտապաններից Արամ Օրբելյանը հարցրեց, արդյոք ընդունելի կլինի, որպեսզի վաղը աշխատանքային ժամից հետո երաշխավորողները ներկայանան: Մեղադրող կողմը չառարկեց, դատավորը նշեց, որ խնդիր չի լինի, որ ավելի ուշ գան:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: