«Պետական տուրքի մասին» օրենքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում և վճարողի դիմումին է կցվում նաև ակտ, որի օրինակելի ձևը և պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:
Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը: