Հայաստանի Հանրապետությունը ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացումը, որի ձևերից են հանդիսանում՝
- պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.
- օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր)տրամադրելը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի: Բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում:
Հիմք ընդունելով վերը նշված դրույթները՝ ՀՀ կառավարությունը 25 Ապրիլի 2019, 460 – Ն որոշմամբ սահմանել է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019-2020 ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրայի ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ.
բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) դոկտորանտուրայի ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ.
3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում 2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի.
2) Հայաստանի Հանրապետությունում 2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
Կից առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխման հավելվածը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2019/04/19_460.pdf
Սա սահմանվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ 2-րդ մասի 5, 6, կետերով, ՀՀ կառավարության 2019թ-ի ապրիլի 25-ի 460 – Ն որոշմամբ: