ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածի համաձայն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:
Հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում, և որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում) հերթագրման թերթիկ, և կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում:
Բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է հաստատի հիվանդների հերթագրման ներքին կարգ՝ ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը, ընդ որում, հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:
Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների, այդ թվում՝ պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության սպառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում: