Ո՞ր դեպքերում է պայմանագրային զինծառայողին hիվանդության պատճառով տրվում արձակուրդ ու ի՞նչ տևողությամբ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) Օրենքով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա:

Պայմանագրային զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։

Պայմանագրային զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

Պայմանագրային զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո պայմանագրային զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո պայմանագրային զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը տալիս է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում են`

  1. պիտանի է զինվորական ծառայության համար.
  2. պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
  3. սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.
  4. կարիք ունի ծառայողական պարտականություններից ազատման` մինչև 15 օրացուցային օր ժամկետով.
  5. ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.
  6. ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել