Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Դատական նիստը նախագահում էր դատավոր Աիդա Դավթյանը:
Գործն առնչվում էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց գաղտնի ձայնագրության կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանի կողմից հայտնված այն տեղեկատվությանը, որ «Կոնգրես» հյուրանոցը Սեդրակ Քոչարյանը ձեռք է բերել կաշառքի միջոցով: Բացի դրանից՝ ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև նրա ընտանիքի ունեցվածքին:
Դատական նիստի սկզբում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ներկայացրեց հայցվոր կողմի դիրքորոշումը, ըստ որի պատասխանող կողմի ներկյացուցիչները ապացույց են ներկայացրել դատարան, որը անթույլատրելի է, քանի որ ԱԱԾ նշված հաղորդագրության վերաբերյալ դատարանի որոշում կա, որի համաձայն նշված մամուլի հաղորդագրությունը խախտում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ նրանց կողմից ներկայացվել են մամուլում լույս տեսած թվով 9 հոդվածներ, որոնք հիմնավորում են, որ ասուլիսի ժամանակ արված արտահայտությունները ուղղված չեն եղել Սեդրակ Քոչարյանի դեմ:
«Թե ինչպես են հիմնավորում, դա արդեն դատաքննության ընթացքում կպարզվի: Այս պահին մենք ուղղակի ասում ենք, որ մամուլի այդ հոդվածները ներկայացվել են այդ փաստը ապացուցելու նպատակով: ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղոդագրությունը ներկայացվել է ապացուցելու, որ պարոն Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, ոչ թե որպես ֆիզիկական անձ: Իսկ թե այդ մամուլի հաղորդագրությունը խախտել է որևէ մեկի անմեղության կանխավարկածը, թե ոչ, դա այլ հարց է»,-նշեց Վահագն Գրիգորյանը:
Անդրադառնալով անմեղության կանխավարկածի վերաբերյալ հայցվոր կողմի դիրքորոշմանը փաստաբանը ասաց, որ այս գործով ֆիզկական անձ Արթուր Վանեցյանը, տվյալ ապացույցը ձեռք չի բերել հայցվոր կողմի իրավունքների խախտմամբ, հետևաբար դրանք կարող են համարվել թույլատրելի:
«Այսինքն, պարոն Վանեցյանը, ի դեմս իր նրկայացուցիչների, ընդամենը արտատպել է համացանցում օբյեկտիվորեն առկա տեղեկատվությունը և ներկայացրել է։ Այսինքն, ապացույցների ձեռք բերման պրոցեսը օրինական է: Եթե անգամ դատարանը գտնի, որ այդ հաղորդագրությունը խախտում է անմեղության կանխավարկածը, ապա խոսքը գնում է ոչ թե ամբողջությամբ նշված հաղոդագրության մասին, այլ խոսքը գնում է ինչ-որ հատվածների և ձևակերպումների մասին»,-նշեց Վահագն Գրիգորյանը և հավելեց, որ եթե դատարանը նշված ապացույցներն ընդունի որպես անհիմն, ապա պետք է ընդունի նաև այն, որ հայցվոր կողմի դիրքորոշումը ընդամենը ապացուցում է 2 փաստ: Նախ, որ կա հարուցված քրեական գործ, երկրորդ՝ հայցվորը գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հարց ուղղեց պատասխանող կողմին. «Դուք նաև պնդում էիք, որ հայցվորը չի եղել այդ օրը ասված խոսքերի հասցեատերը: Սակայն, փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրենը ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Քոչարյանների ընտանիք ասելով նա նկատի է ունեցել Սեդրակ Քոչարյանին, թե՝ ոչ, նշել է. «Քոչարյանի ընտանիքի մեջ մտնում են Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները… Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ: Քոչարյանների ընտանիքն անձամբ ոչինչ չի արել ինձ, որ Քոչարյանների ընտանիքի հետ կապված անընդհատ խոսվում է»: Ձեր վստահորդը ընդունում է, որ երբ նշել է «ընտանիք» բառը, դրա մեջ մտել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին, Սեդրակ Քոչարյանը»,-նշեց Անի Ալավերդյանը:
Վահագն Գրրիգորյանը նշեց, որ առաջին հարցի վերաբերյալ պատասխանը կտրվի դատաքննության փուլում, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ ասաց. «Այդ ապացույցը ընդամենը երկու փաստի հաստատման համար է պետք: Առաջինը, արդյոք հարուցվել է քրեական գործ, երկրորդը՝ հայցվորը ունի կարգավիճակ, թե՝ ոչ»:
Դատական նիստը հետաձգվեց, հայցվոր կողմը պարտավորվեց պատասխանող կողմին և դատարանին ներկայացնել ճեպազրույցի վերաբերյալ ապացույցը և անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ դատարանի որոշումը: Գործը անցավ դատաքննության փուլ: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 25-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Եվգենյա Համբարձումյան