Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազանգի գաղտնալսման ձայնագրությունը։
Ձայնագրության մեջ պաշտոնյաները խոսում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին:
Րոպեներ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր ունեցավ ու անդրադարձավ այդ ձայնագրությանը՝ նշելով, որ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում ու հարց է՝ ո՞վ է արել դա, ի՞նչ նպատակով։
Քիչ անց ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը մամուլի ասուլիս հրավիրեցին։
Արթուր Վանեցյանը ձայնագրության մեջ իր խոսքում նշում էր առաջին ատյանի դատավորի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Ինձ դատավորը նոր զանգեց, դե մի քիչ վախեցածա, ասեցի մի հատ նայի սաղ գործը, Հրա՞չ, Հրաչ ա՞ անունը։ Մի խոսքով, դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ՝ դուխով, բա մի հատ հիմքերը պրոստը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, ասեցի հիմքերը նայի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս»,-հեռախոսազրույցում ասում էր Արթուր Վանեցյանը։
Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ չի ճանաչում դատավորին։ «Խոսել ենք ես և Սասուն Խաչատրյանը հեռախոսով, և այդ խոսակցության մեջ կարող են լինել որոշակի անճշտություններ, որովհետև երբևիցե չէինք մտածի, որ կարող է ձայնագրվի և հրապարակվի մեր խոսակցությունը։ Ես չեմ խոսել այդ դատավորի հետ երբևիցե»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Հեռախոսազրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշում էր նաև «Մարտի 1»-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանի մասին։
«Սասուն Խաչատրյան – Հիմա Վահեն ա գալու մոտս՝ Գրիգորյան, Վահեն լուրջ բան կգրի հեսա, ու ելույթ էլ կունենա ու սաղ հարցերին կպատասխանի: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի։
Արթուր Վանեցյան – Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա, որպես փաստաբան, որպես փորձագետ։
Սասուն Խաչատրյան- Որպես փորձագետ, նաև ինքը Եվրադատարանում ա, չէ՞, ներկայացնում այս գործը»,-ասվում էր ձայանգրության մեջ։
Իրավաբան․net-ի հետ զրույցում Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը նշեց, որ դեռ չի լսել ձայնագրությունը, սակայն նաև չի հերքում՝ իր և ՀՔԾ-ի համագործակցությունը։
Սասուն Խաչատրյանին ուղղված մեր հարցին, թե ի՞նչ համագործակցություն կա փաստաբան Վահե Գրիգորյանի հետ և ի՞նչ ելույթ էր սպասվում, ՀՔԾ պետը պատասխանեց․ «Քննչական մարմինը և տուժողները գտնվում են դատավարական նույն կողմում և նաև մենք ականջալուր ենք լինում ոչ միայն տուժողներին, այլ նաև մեղադրյալների փաստաբաններին։ Այսինքն, փաստաբանների և ներկայացուցիչների հետ շփումը շատ նորմալ երևույթ է։ Վահե Գրիգորյանի և իմ տեսակետները շատ հարցերում համընկնում են, համագործակցում ենք որպես իրավաբաններ։ Ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից և այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է»։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հայտարարեց, որ թեև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում են, թե 2008-ի մարտի 1-ի դեպքերին մասնակցություն չեն ունեցել, սակայն քրեական գործով հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է, այլև բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։
«Իսկ ամենախայտառակ բանը, որ արվել է նախկին բարձրաստիճանների կողմից, մեր բանակի զինվորներից վարձկաններ սարքելն է: Քրեական գործով հիմնավորվել է, կներկայացնեմ փաստաթղթեր, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը, բաժանվել են գումարներ, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց շահերը»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանը բացահայտում արեց նաև Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատկառելի քանակությամբ հարստություն ունի և խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների մասին. «Փաստերով կխոսենք և կասենք՝ ով ինչ ունի: Կհրապարակենք ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը»,- ասաց նա։
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ալիսա Չիլինգարյան
Զաքար Իսկանդարյան