Ապրիլի 10-ին Բարձրագույն դատական խորհուրդը նոր տեղափոխված շենքում ամփոփեց իր մեկ տարվա գործունեությունը: Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառումն աչքի ընկավ ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև կազմակերպված հյուրասիրությամբ:
Իրավաբան.net-ը պարզել է, թե որքա՞ն գումար է ծախսվել նշված միջոցառման համար:
Այսպիսով, Բարձրագույն դատական խորհրդից, ի պատասխան մեր հարցման, տեղեկացնում են, որ միջոցառման ծախսերը կատարվել են պետական բյուջեից Դատական դեպարտամենտին «4237 ներկայացուցչկան ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածով հատկացված միջոցներից:
ԲԴԽ կազմավորման մեկ ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 445 հազար 340 դրամ:
Ծրարների և հրավիրատոմսերի տպագրության համար ծախսվել է 131 հազար 340 դրամ:
Ֆուրշետի կազմակերպման ծառայությունների մատուցման համար ծախսվել է 314 հազար դրամ:
ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել է 98 հրավիրյալ, ինչպես նաև 40-ից ավելի լրագրող:
Ծրարների և հրավիրատոմսերի տպագրության համար պայմանագիր է կնքվել «Կոմպյուտեր սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
Պատվիրվել է 113 ծրար, որոնցից յուրաքանչյուր արժեցել է 200 դրամ և 193 հրավիրատոմս՝ 450 դրամ արժողությամբ:
Ֆուրշետի կազմակերպման համար դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Կասսանա» սահմանափկ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ պատվիրելով 80 անձի համար նախատեսված հյուրասիրություն:
«Դրանից բացի, մեր աշխատակիցների համատեղ ուժերով և հովանավորների աջակցությամբ պատրաստվել է երկու անիմացիոն տեսահոլովակ և հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տարեկան Հաղորդումը: Այդ նպատակով բյուջետային միջոցներից ծախսեր չեն կատարվել»,-ասվում է հարցման պատասխանում:
Ալիսա Չիլինգարյան