ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ ապրիլի 16-ին, ընդունել է Երևանում կայանալիք Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին և միջազգային փորձագետներ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսիին:
«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային երկօրյա համաժողովը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 17-ին:
Այն կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Հայաստանում ՄԱԶԾ, կառավարման և IBM բաժնի ղեկավար Ալլա Բակունցը, Հայաստանում ՄԱԶԾ քաղաքականության գծով խորհրդական Դավիթ Հարությունյանը, այլք:
Կարեն Զադոյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին հակակոռուպցիոն միջազգային համաժողովից առաջ կազմակերպիչների և միջազգային փորագետների հետ հանդիպելու համար և նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անելու են առավելագույնը համերաշխության, համագործակցության և կոնսենսուսի վրա հիմնված Հակակաոռուպցիոն նոր ռազմավարություն ունենալու համար:
Նախարար Զեյնալյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է՝ նյութականացնելու հեղափոխությամբ ձերքբերված ոչ նյութական արժեքը: «Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով համագործակցել ձեզ հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առավելագույն գիտելիք և փորձ քաղելու համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում քննարկվելիք թեմաներին, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի: