Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Գերմանիայի Բրեմենի շրջանային դատարանի դատավոր Միխայել Շնելլեն նշեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի համար Գոռ Հովհաննիսյանը, անկասկած, մեծ ձեռքբերում կլինի:
«Նրան ճանաչում եմ 2008 թվականից, Շպայերի կառավարման գիտությունների գերմանական համալսարանից, որտեղ միասին ուսանել ենք: Նա տարվա լավագույն ուսանողներից էր, պայծառ մտքի տեր: Գոռը շատ արագ ընկալեց գերմանական իրավական համակարգը և կարողացավ ուսումը և պրակտիկան շարունակել խելացիորեն դրանք համադրելով և կիրառելով»,-նշում է Միխայել Շնելլեն:
Դատավորը կարծում է, որ Գոռ Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին համապատասխան անձնավորություն է, քանի որ հավասարակշռված է, միևնույն ժամանակ վճռական է, ոչ կոնֆլիկտային և ոչ ամաչկոտ, պատասխանատու է և հուսալի. «Իմ կարծիքով այս որակները լավ դատավորներին են հատուկ»։
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 16-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում: